Home / Հայաստան / Թուրինյան պատանքը կեղծիք չէ, պարզել են գիտնականները

Թուրինյան պատանքը կեղծիք չէ, պարզել են գիտնականները

Իտալացի գիտնականները քրիստոնեական սուրբ մասունք համարվող Թուրինյան պատանքի նոր հետազոտություն են անցկացրել, La Stampa-ում տպագրված հոդվածում գրում է Մարկո Տոզատին: Նշենք, որ քրիստոնյաները հավատում են, որ պատանքի վրա արտացոլված են Հիսուս Քրիստոսի դեմքն ու մարմինը:

5 տարի տևած հետազոտությունների ընթացքում գիտնականները փորձել են հասկանալ, թե ինչպես կարող է պատանքի կտավի վրա այդքան հստակ կերպով ուրվագծված լինել պատկերը: Գիտնականները խնդիր էին դրել նաև որոշել, թե ինչպիսի ֆիզիկական և քիմիական գործընթացներ կարող են հանգեցնել կտավի նմանատիպ գունավորման, ինչպես Թուրինյան պատանքի դեպքում:

Արդյունքում` գիտնականները ամբողջովին հերքել են այն վարկածը, որ Թուրինյան պատանքը միջնադարյան կեղծված կտավ է: Միաժամանակ նրանք փաստել են, որ ներկայումս գիտությունը դեռ ի վիճակի չէ հասկանալ, թե ինչ ձևով է պատանքի վրա մարդկային մարմնի պատկեր հայտնվել:

Թուրինյան պատանքի լուսանկարի նեգատիվը

«Հետքի ծագումն անհայտ է: Հենց դա էլ համարվում է, այսպես կոչված, «Թուրինյան պատանքի» գաղտնիքը»,-ասում են գիտնականները: Արյան կաթիլների տակ պատկեր չկա: Դա նշանակում է, որ արյան հետքերը հայտնվել են կտավի վրա ավելի ուշ: Բացի այդ, արյան հետքերը հստակ ուրվագծեր ունեն, արդյունքում` կարելի է եզրակացնել, որ կտավը չի հանվել մարմնից: Բացի այդ, կտավի վրա բացակայում են քայքայվածության հետքերը, որոնք սովորաբար հայտնվում են մահից 40 օր անց: Գիտնականները եզրակացրել են նաև, որ մարմինը կտավի վրա է մնացել ավելի քան երկու օր»,- գրում է հոդվածի հեղինակը:

Նշենք, որ ավելի վաղ տարածված էր այն վարկածը, ե Թուրինյան պատանքի վրա նման պատկեր ստացել է Վերածննդի դարաշրջանի իտալացի մեծանուն նկարիչ Լեոնարդ դա Վինչին: Ասվում էր նաև, որ կտավի վրա իրականում հենց նկարչի դիմանկարն է, և մարդիկ դարեր շարունակ երկրպագել են ոչ թե Քրիստոսին, այլ Լեոնարդո դա Վինչիին:

 Ձախից`Լեոնարդո դա Վինչիի դիմանկարը, աջից`Թուրինյան պատանքի վրա հայտնված պատկերը