Home / Հայաստան / Հայաստանում ռուսաստանյան ռազմաբազան կրճատում են` պատրաստվելով Իրանի պատերազմին

Հայաստանում ռուսաստանյան ռազմաբազան կրճատում են` պատրաստվելով Իրանի պատերազմին

Ավելի քան մեկ տարի առաջ Ռուսաստանը սկսել է քայլեր ձեռնարկել Թեհրանի դեմ հնարավոր ռազմական գործողությունների դեպքում կորուստների նվազեցման ուղղղությամբ, և ներկայումս պատրաստությունները գրեթե ավարտին են հասցվել: Հայաստանի ռազմակայանը (102-րդ ռուսաստանյան ռազմակայան) ամբողջությամբ օպտիմալացվել է, զինծառայողների ընտանիքները դուրս են բերվել երկրից, Երևանի մոտ տեղակայված ռուսաստանյան  կայազորը կրճատվել է, իսկ ռազմական ստորաբաժանումները Գյումրի են տեղափոխվել` թուրքական սահմանին ավելի մոտ: ԱՄՆ զորքերը հենց Թուրքիայի տարածքից կարող են հարված հասցնել Իրանին: Այս մասին գրում է «Նեզավիսիմայա գազետա» պարբերականը:

Իրանի դեմ պատերազմի հեռանկարի կապակցությամբ ՌԴ պաշտպանության նախարարությունը զգուշությամբ է վերաբերվում Ադրբեջանին, որը վերջին երեք տարիների ընթացքում երկու անգամ ավելացրել է իր ռազմական բյուջեն, իսրայելական անօդաչու սարքեր և հետախուզման այլ ժամանակակից միջոցներ է գնում: Բացի դա, Բաքուն մեծացրել է ճնշումը Մոսկվայի վրա` պահանջելով էապես ավելացնել Գաբալինսկի ռադիոլոկացիոն կայանի վարձավճարը:

Փորձագետների կարծիքն այն մասին, թե ինչպես կարող է վարվել Ադրբեջանն իր սահմաններից հարավ ընկած տարածքում հակամարտության ծագման ժամանակ, կիսվել է երկու մասի: Ռազմական կանխատեսումների կենտրոնի ղեկավար Անատոլի Ցիգանոկը կարծում է, որ անգամ հաշվի առնելով Իրանի և Ադրբեջանի միջև առկա լարվածությունը Կասպից ծովի հարավային հատվածում նավթային պաշարների վերաբերյալ, դժվար թե կարելի է վստահորեն ասել, որ Բաքուն կսատարի հակաիրանական ռազմական գործողությունները: Քիչ հավանականություն կա, որ նա որոշի օգտվել իրավիճակից, Ղարաբաղի հարցը լուծելու համար:

Սակայն ռազմական փորձագետ Վլադիմիր Պոպովը կարծում է, որ Ադրբեջանը կարող է և օգտվել իրավիճակից, որպեսզի ղարաբաղյան հարցն ի օգուտ իրեն լուծվի:

Այդ դեպքում, կարծում է փորձագետը, Ռուսաստանը, իհարկե, հայկական զինված ուժերի հետ միասին հետ է մղելու Ադրբեջանի հարձակումները, բայց Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններին չի մասնակցի:

Իրանում հնարավոր բախման ֆոնին Ռուսաստանին անհանգստացնող ևս մեկ երկիր է Վրաստանը: Ապրիլին այդ երկիրը դադարեցրել է իր տարածքով Ռուսաստանից Հայաստան ուղարկվող ռազմական բեռի մասին պայմանագրի գործողությունը, այնպես որ փաստացիորեն ռուս-հայկական խմբավորումը Հարավային Կովկասում արդեն մեկուսացված է: Ռուսաստանը դիզվառելիքը ստանում է Հայաստանից, որն այն գնում է Իրանից, այնպես որ պատերազմի սկսման դեպքում վառելիքի մատակարարումը կդադարեցվի: