Home / Հայաստան / «Ռուսաստանի մարդ» Սերժ Սարգսյանը մերձեցել է արևմտամետ ուժերի հե՞տ

«Ռուսաստանի մարդ» Սերժ Սարգսյանը մերձեցել է արևմտամետ ուժերի հե՞տ

Հայաստանում քաղաքական տարին փակված է, ուղղակի մենք իներցիայով առաջ են գնում, և որևէ նոր բան չկա՝ անիվը պտտվում է մեկ ետ, մեկ՝ առաջ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը:

«Կարևորագույն խնդիրները դրսում կատարվող պրոցեսներն են և դրանց արտացոլումը Հայաստանի ներքաղաքական կյանքում:Կարծում եմ, որ հիմա Հայաստանում ամենաքննարկվող թեման ՌԴ-ում անցկացված Պետդումայի ընտրություններն են և դրանցից բխող հետևանքները», – նշել է Կարապետյանը:

Նա կարևորել է այն փաստը, որ Ռուսաստանում այս անգամ արձանագրվեց իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության 14% գահավիժումը.

«Բոլորս լավ գիտենք, որ Հայաստանում, ինչքան էլ գահավիժի իշխանությունը, միևնույն է, վերջում գրվում է այնքան, ինչքան պետք է գրվի: Սրանից հետևություն, որ Ռուսաստանում սկսել են ուշադրություն դարձնել էլեկտորալ ընտրություններին»:

Ռուսաստանում կատարվող իրադարձությունների մեջ Կարապետյանը Արևմուտքի հետք է տեսնում:

«Անգամ Եվրոխորհրդարանը հայտարարել է, որ պետք է չեղյալ հայտարարել ընտրությունները և նոր ընտրություններ անցկացնել: 2008-ին, երբ Հայաստանում կրակեցին ու սպանեցին 10 հոգու, Եվրոխորհուրդն այդպիսի պահանջ չդրեց, այնինչ իրավիճակն այս պարագայում մեզ մոտ ավելի խիստ էր», – ասել է Կարապետյանը:

Արամ Կարապետյանին զարմացրել է այն փաստը, որ ՌԴ-ում ընտրությունների վերաբերյալ անմիջապես արտահայտնվել է ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:

Ինչո՞ւ Պետդեպը չարեց դա Հայաստանի դեպքում, հարց է բարձրացրել Կարապետյանը:

«Չնայած նրան, որ Սերժ Սարգսյանը համարվել է Ռուսաստանի մարդ, ամենից շատ նրան պաշտպանել են արևմտյան կառույցները: Այս  անհասկանալի իրավիճակում երկու տարբերակ կա՝ կամ գեոքաղաքական առումով Ռուսաստանի մարդը չէ, կամ Ռուսաստանի մարդը լինելով` մերձեցել է արևմտամետ ուժերի ու արժեքների հետ: Սրանից եզրահանգում, որ ռուսաստանյան միտինգները ֆինանսավորվում են Արևմուտքի կողմից», – եզրակացրել է Կարապետյանը: