Home / Հայաստան / ՖՈՏՈՇԱՐՔ. Երեխայի ապագան Մաքսիմից ու Սերժից կարևոր է, համոզված է Մարիամ Սուխուդյանը

ՖՈՏՈՇԱՐՔ. Երեխայի ապագան Մաքսիմից ու Սերժից կարևոր է, համոզված է Մարիամ Սուխուդյանը

Այսօր ՀՀ կառավարության շենքի մոտ 20 բնապահպան ակտիվիստներ բողոքի ակցիա են անցկացրել` պահանջելով վերանայել կառավարության այն որոշումը, որի համաձայն Քաջարան գյուղի մոտակա հողերը դիտարկվում են որպես գերակա շահ և դուրս են բերվում գյուղի տիրպետությունից:

Ինչպես հաղորդում է Epress.am-ի թղթակիցը, բնապահպանները պաստառներով կանգնել են կառավարության շենքի դիմաց: Պաստառների վրա գրված էր «Առաջ, հանքաստան?, «Հայաստանը մենք ենք, Հայաստանը դուք էլ եք», «Կանաչ, մաքուր, առողջ Հայաստան»: Դրանից հետո բողոքի ակցիայի մասնակիցները լրագրողներին ներկայացրել են իրենց մտավախությունները:

«Քանի որ, գերակա շահ ճանաչելով, այդ հողատարածքները փոխանցելու են   Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին, որը սկսելու է այդ վայրում   հանքարդյունաբերություն իրականացնել: Այդ հողերի շահագործումը որպես հանք անհնարին կդարձնի գյուղի կեցությունը: Հանքը և գյուղն այդտեղ համատեղելի չեն, դա կհանգեցնի մոտ 300 բնակիչ և 130 տուն ունեցող սահմանամերձ գյուղի տեղահանմանը»,- ասել է ակտիվիստ Ապրես Զոհրաբյանը:

Վերջինս տեղեկացրել է, որ այդ որոշումը կայացվել է 6 ամիս առաջ, և մոտ օրերս համապատասխան մարմինները ցանկացել են անցնել դրա կիրառմանը: Սակայն  գյուղացիները հետ են մղել այնտեղ բերված տեխնիկան և խոչընդոտել են կատարվող  աշխատանքին:

Նա նաև ասել է, որ գյուղացիներին փոխհատուցում չի տրվել, քանի որ պաշտոնապես գյուղը չի տեղահանվում, բայց այդ տեղահանումն անխուսափելի կլինի, որովհետև, բնապահպանի խոսքով, ոչ մի խելամիտ մարդ հանքի հարևանությամբ չի կարող ապրել:

«Իսկ այն գումարները, որ տվել են հողատարածքները վերցնելու համար, ծիծաղելի են,  հեկտարին 12 000 դրամ են տվել», – ասել է  Զոհրաբյանը:

Ակցիային մասնակցում էր նաև բնապահպան-ակտիվսիտ Մարիամ Սուխուդյանը, ով նշել է, որ իրենք սատարում են քաջարանցիներին, ովքեր պահպանում են սահմանը: Սուխուդյանի խոսքով` այստեղ ազգային անվտանգության հարց կա:

«Տեսնում ենք, որ այսօր հանքարդյունաբերությունը չի բխում հանրության շահերից, այլ բխում է ինչ-որ մասնավոր անհատների շահերից:  Գյուղապետի հետ կապ ենք հաստատել, ինքը ասում էր, որ այնտեղ սպառնում են, վտանգված է իրենց կյանքը, չնայած իրենք մինչև վերջ պատրաստ են պայքարել: Հետո իմացանք, որ գյուղապետին տարել են ոստիկանություն, պահել են մի քանի ժամ, հետո այդ մարդը սկսեց հերքել` ասելով, որ իրեն բան չի եղել: Մենք հասկացանք, որ շարունակվում են ճնշումները: Ու այն, որ այսօր կառավարության անդամները գնացել են Քաջարան, վկայում է այն մասին, որ ճնշումները շարունակվում են», – ասել է  Սուխուդյանը:

Նա տեղեկացրել է նաև, որ մոտ օրերս մի խումբ բնապահպաններ նախատեսում են գնալ Քաջարան:

«Եթե այդ մարդիկ իրոք արդար մինչև վերջ գնալու են, մենք իրենց հետ ենք: Ցանկացած դեպքում մարդ պետք է հասկանա ու կարևորի, որ ինքն է այս երկրի տերը, թե իր դիմաց Մաքսիմ ա (Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյան – խմբ), Սերժ ա (ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան – խմբ), չգիտեմ, չինացի ա, ռուս ա… կապ չունի, մյուս կշեռքին իր երեխու ապագան ա, ո՞րն ա ավելի կարևոր: Այսինքն, ցանկացած դեպքում էլ ինքը պետք ա ոտքի կանգնի ու  պայքարի, ոնց որ հիմա անում են Քաջարանի բնակիչները»,- ասել է Սուխուդյանը: