Home / Հայաստան / «Նախագահ Սահակաշվիլի, մի սպանեք մամուլը». թերթերը բողոքեցին

«Նախագահ Սահակաշվիլի, մի սպանեք մամուլը». թերթերը բողոքեցին

«Նախագահ Սահակաշվիլի, մի սպանեք մամուլը»,- այս կոչը` անգլերենով և վրացերենով, տպված է գրեթե բոլոր վրացական պարբերականների այսօրվա համարների վրա:

«Կվիրես պալիտրա», «Ռեզոնանսի», «Ասավալ դասավալի», «Վերսիա» , «Ախալի թաոբա» և «Խրոնիկա» օրաթերթերը այս կերպ բողոքում են Թբիլիսիում թերթերի կրպակների ապամոնտաժման դեմ և խնդրում են նախագահին դադարեցնել այդ գործընթացը, հայտնում է Newcaucasus.com-ը:

«Կվիրիս պալիտրա» թերթի տեղեկություններով` Թբիլիսիի 140-150 կրպակներից ընդամենը մի քանիսն են մնացել: Մնացած կրպակները, հավանաբար, կվերացվեն մինչև տարվա վերջ:

Մամուլի ասոցիացիայի ղեկավար Լաշա Թուգուշին և մի շարք այլ փորձագետներ այս արշավը մամուլի ճնշման փորձ են որակում:

«Սա ոչ այլ ինչ է, քան խելագար գործողություն: Սրա պատճառը թաքնված է իշխանությունների քաղաքական ճգնաժամի մեջ: Նման ռեակցիոն հարձակում ազատ ԶԼՄ-ների վրա դեռևս չի եղել և դա անմիջականորեն կապված է առաջիկա ընտրությունների հետ»,- ասել է Լաշա Թուգուշին:

Հիշեցնենք, որ Թբիլիսիի քաղաքապետարանը «1000 կրպակներ» ծրագրի շրջանակներում աճուրդ է հայտարարել, որոնք վերաբերում են հիմնականում այն հողատարածքներին, որոնց վրա տեղակայված են մամուլի կրպակները: