Home / Հայաստան / ՖՈՏՈՇԱՐՔ – Բելառուսի ԿԳԲ-ի կողմից կտտանքների ենթարկված FEMEN-ի աղջիկները տուն վերադարձան

ՖՈՏՈՇԱՐՔ – Բելառուսի ԿԳԲ-ի կողմից կտտանքների ենթարկված FEMEN-ի աղջիկները տուն վերադարձան

Երկուշաբթի` դեկտեմբերի 19-ին FEMEN կանանց շարժման անդամները հայտարարել էին Բելառուսում մի քանի ակտիվիստների անհետացման մասին: Այդ օրը շարժման ակտիվիստները Մինսկի ԿԳԲ-ի գլխավոր շտաբի մոտ բողոքի ակցիա էին անցկացրել ընդդեմ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Բելառուսի ԿԳԲ-ի: Աղջիկները գտնվել են մեկ օր անց`դեկտեմբերի 21-ին և ուկրաինացի դիվանագետների շնորհիվ հայրենիք են վերադարձել: Այսօր նրանք նաև բացօթյա ճեպազրույց են ունեցել լրագրողների հետ:

Նշենք, որ ավելի վաղ FEMEN-ի ակտիվիստ Իննա Շևչենկոն պատմել էր, որ բողոքի ակցիայից հետո Մինսկի կայարանում ոստիկանությունը և ԿԳԲ-ականները ձերբակալել են իրենց, կապել աչքերը, ավտոբուսով տարել անտառ: Այնտեղ նրանք աղջիկների վրա վառելանյութ են լցրել և ստիպել մերկանալ` հակառակ դեպքում սպառնալով հրդեհել նրանց, սպառնացել են նաև դանակով, որով ավելի ուշ կտրել են աղջիկների մազերը, բացի դա նրանց գլխին «զելյոնկա» են լցրել: Այդ ողջ ընթացքը ԿԳԲ-ականները նկարահանել են տեսախցիկով, ավելի ուշ նրանց մերկ վիճակում թողել են անտառում առանց փաստաթղթերի: Աղջիկներն այդ վիճակում ոտքով հասել են Ելսկի շրջանի Բեկի գյուղ:

Ավելի ուշ դիվանագետներն ու լրագրողները ժամանել են Բեկի, որտեղ գտել են FEMEN-ի ակտիվիստներին:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ին կայացած ակցիայի ժամանակ FEMEN-ի աղջիկները մերկացել էին Մինսկի ԿԳԲ-ի գլխավոր շտաբի մոտ: Աղջիկներից մեկին նմանեցրել էին Լուկաշենկոյին: Ակտիվիստները ձեռքներում պահում էին «Ազատություն քաղբանտարկյալներին» կարգախոսով պաստառներ: Իրենց օրինակով FEMEN-ը կոչ էր արել բելառուսցիներին չվախենալ Լուկաշենկոյից և որոշիչ հարված հասցնել «ԿԳԲատկայի» ռեժիմին: