Home / Հայաստան / Էրդողանը շնորհակալություն է հայտնել օրինագծին դեմ քվեարկած ֆրանսիացի պատգամավորներին

Էրդողանը շնորհակալություն է հայտնել օրինագծին դեմ քվեարկած ֆրանսիացի պատգամավորներին

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, քիչ առաջ ելույթ ունենալով թուրքական հեռուստաալիքների եթերում, հայտարարել է, որ իր երկիրը մտադիր է վերանայել Ֆրանսիայի հետ հարաբերությունները:

Էրդողանի խոսքով` առաջին քայլը Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանին հետ կանչելն էր: Բացի դրանից, Թուրքիան չեղյալ է հայտարարելու Ֆրանսիայի հետ համատեղ զորավարժությունների անցկացումը, ինչպես նաև արգելելու է իր երկրի օդային տարածքում ֆրանսիական ռազմական ինքնաթիռների թռիչքը` առանց հատուկ թույլտվության:

Էրդողանը հայտնել է նաև, որ Թուրքիան առայժմ դադարեցնելու է Ֆրանսիայի հետ համատեղ անցկացվող մշակութային, տնտեսական և այլ բնույթի միջոցառումները:

Վարչապետը նաև շնորհակալություն է հայտնել Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին դեմ քվեարկած ֆրանսիացի պատգամավորներին և հայտարարել, որ Թուրքիան հպարտանում է իր պատմությամբ:

«Թուրքիայում մոտ 100 հազար հայ է ապրում, և մեր երկրում ցեղասպանություն չկա», – ասել է Էրդողանը:

Նա նաև սպառնացել է Աֆրիկայի ու Մերձավոր Արևելքի երկրներում բարձրաձայնել «Ֆրանսիայի կողմից իրագործված ցեղասպանությունների հարցը»:

Հիշեցնենք, որ այսօր Ֆրանսիայի Ազգային ժողովի ստորին պալատը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել է ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը: