Home / Հայաստան / ՏԵՍԱՆՅՈւԹ. FEMEN-ի ակտիվիստները վերադարձան Ուկրաինա և կոչ արեցին պայքարել «ԿԳԲատկայի» դեմ

ՏԵՍԱՆՅՈւԹ. FEMEN-ի ակտիվիստները վերադարձան Ուկրաինա և կոչ արեցին պայքարել «ԿԳԲատկայի» դեմ

Երեկ առավոտյան հայրենիք վերադարձած ուկրաինական FEMEN կանանց շարժման ակտիվիստները, որոնք Բելառուսի մայրաքաղաքում անցկացրած բողոքի ակցիայից հետո առևանգվել և բռնաճնշումների էին ենթարկվել, բացօթյա ճեպազրույց են ունեցել լրագրողների հետ: Նշենք, որ աղջիկները Ուկրաինա են վերադարձել Բելառուսում Ուկրաինայի հյուպատոս Կանցեր Նիկոլայի ուղեկցությամբ:

Ինչպես պնդում է կազմակերպության բլոգը, աղջիկները ֆիզիկական և հոգեբանական հյուծվածության վիճակում են եղել: Նրանք հաստատել են առևանգվելու, ծեծի և կտտանքների ենթարկվելու մասին լուրերը:

Ճեպազրույցի ընթացքում ակտիվիստները պատմել են, որ իրենց Մինսկի կայարանից առևանգած մարդիկ բազմաթիվ սպառնալիքներ են հնչեցրել, ընդհուպ մինչև սպանություն, աղջիկներին առանձին-առանձին հարցաքննել են, փորձել վախեցնել կամ պարզել, թե ում կողմից են ուղարկված և ինչ քաղաքական նպատակներ են հետապնդում: Իսկ արդեն անտառում առևանգողները մերկացրել են աղջիկներին, վառելանյութ լցրել նրանց վրա, մի քանի անգամ ստիպել հագնվել և հանվել`հակառակ դեպքում խոստանալով վերջ տալ նրանց կյանքին: Ավելի ուշ աղջիկներին մերկ վիճակում թողել են անտառում և հեռացել:

Միաժամանակ ակտիվիստները հայտարարել են, որ չեն պատրաստվում հանձնվել, նրանք շարունակելու են պայքարել հանուն Բելառուսի ժողովրդի ազատության և փորձելու են այնտեղ FEMEN-ի ներկայացուցչություն բացել: FEMEN-ի ակտիվիստները կոչ են անում աշխարհի բոլոր կանանց պայքարել բելառուսական ոչ լեգետիմ իշխանության դեմ և վերջ դնել «ԿԳԲատկայի» (նկատի ունեն Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին – խմբ.) ռեժիմին:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկի կենտրոնական հրապարակում հակալուկաշենկոյական ակցիայի ժամանակ FEMEN-ի աղջիկները մերկացել էին Մինսկի ԿԳԲ-ի գլխավոր շտաբի մոտ: Աղջիկներից մեկին նմանեցրել էին երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին: Ակտիվիստները ձեռքներում պահում էին «Ազատություն քաղբանտարկյալներին» կարգախոսով պաստառներ: