Home / Հայաստան / Մոսկվայում հանրահավաքին ելույթ կունենան ճանաչված դերասաններ, երգիչներ, լրագրողներ

Մոսկվայում հանրահավաքին ելույթ կունենան ճանաչված դերասաններ, երգիչներ, լրագրողներ

Շաբաթ օրը` դեկտեմբերի 24-ին, Մոսկվայի Սախարովի պողոտայում կկայանա Ռուսաստանի ընդդիմադիր թևի հանրահավաքը: Ռուսաստանյան ընդդիմությունը, ինչպես և նախորդ անգամ, կբողոքի «կեղծված խորհրդարանական ընտրությունների դեմ»:

Արդեն իսկ հաստատվել են հանրահավաքին ելույթ ունենալ պատրաստվող քաղաքական և հասարակական գործիչների անունները: Նրանց մեջ մեծ թիվ են կազմում տարբեր բնագավառների արվեստագետները, որոնք հայտնի  են իրենց ակտիվ քաղաքական դիրքորոշմամբ և հասարակական ակտիվությամբ:

Նախնական տվյալներով` հանրահավաքին ելույթ կունենան քաղաքացիական ակտիվիստներ Ալեքսեյ Նավալնին և Իլյա Յաշինը, ովքեր ՌԴ խորհրդարանական ընտրություններից հետո ձերբակալվել էին հասարակական կարգը խախտելու մեղադրանքով և 15 օր անազատության մեջ էին: Նրանից բացի, ելույթ կունենան նաև հայտնի ռոք երաժիշտ Յուրի Շևչուկը, հեռուստահաղորդավար Լեոնիդ Պարֆյոնովը, գրող Բորիս Ակունինը, բանաստեղծ Դմիտրի Բիկովը. դերասան Միխայիլ Եֆրեմովը, հայտնի խորհրդային դերասանուհի Լիա Ախեջակովան, դերասան Օլեգ Բասիլաշվիլին, լրագրող, երաժշտական քննադատ Արտեմի Տրոիցկին, դերասանուհի Չուլպան Խամատովան, գրող Վիկտոր Շենդերովիչը, շախմատիստ, «Սոլիդարնոստ» կուսակցության անդամ Գարի Կասպարովը և այլք:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ին Մոսկվայի Բոլոտնայա հրապարակում հանրահավաք կայացավ, որը, ըստ տարբեր գնահատականների հավաքել էր 25-80,000 մարդ:

Ռուսաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները դեկտեմբերի 24-ի հանրահավաքին ընդառաջ նաև 30 վայրկյանանոց տեսանյութեր են պատրաստել, որում ասում են, թե ինչու են գնալու բողոքի ակցիայի: