Home / Հայաստան / Ֆրանսիան Թուրքիայի խորհուրդների կարիքը չունի. Սարկոզիի պատասխանը Էրդողանին

Ֆրանսիան Թուրքիայի խորհուրդների կարիքը չունի. Սարկոզիի պատասխանը Էրդողանին

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին թուրքական կողմի խիստ արձագանքից հետո Թուրքիային փոխադարձ հարգանք դրսևորելու կոչ է արել, հայտնում է Agence France-Presse-ը:

«Ես հարգում եմ Թուրքիայի մեր գործընկերների հայացքները, դա հզոր պետություն է, հզոր քաղաքակրթություն, բայց նրանք էլ մեզ պետք է հարգեն: Ֆրանսիան չի սովորեցնում ուրիշներին` ինչպես վարվել, և չի ցանկանում իր հասցեին ուսուցողական արտահայտություններ լսել»,- հայտարարել է Սարկոզին:

Ուրբաթ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը  ֆրանսիացի պատգամավորների կողմից Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին օրինագծի ընդունմանն ի պատասխան մեղադրել էր Ֆրանսիացիներին ալժիրցիների ցեղասպանության մեջ: Էրդողանի կարծիքով` ֆրանսիական իշխանությունների կողմից անկախության համար մարտնչող ալժիրցիների ապստամբության ճնշումը իսկական ցեղասպանություն է եղել:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի Ազգային Ժողովի կողմից Ցեղասպանության մասին օրինագծի ընդունումից անմիջապես հետո Թուրքիայի վարչապետը կարգադրել էր Փարիզից հետ կանչել թուրք դեսպան Թահսին Բուրջուօղլուին: Բացի դա, Թուրքիան մտադիր է չեղյալ հայտարարել Ֆրանսիայի հետ ունեցած  բոլոր ռազմական, տնտեսական և քաղաքական ծրագրերը: