Home / Հայաստան / ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարին կազատեն աշխատանքի՞ց

ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարին կազատեն աշխատանքի՞ց

«168 ժամ» օրաթերթի տեղեկություններով` արդեն մեկ շաբաթ է` աշխատանքի չի գնում ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը: Օրաթերթը գրում է, որ այդ փաստը կարող է կապված լինել օրեր առաջ ՀՀ գլխավոր դատախազության Պետական  շահերի պաշտպանության վարչությունում հարցուցած քրեական գործի հետ` «Գապբնակշին» ՍՊ ընկերության տնօրեն Գագիկ Պապոյանի կողմից խարդախություն կատարելու դեպքի առթիվ: Այս ընկերության բաժնետերերն են Գագիկ Պապոյանը և Սիմոն Աղազարյանը: Նրանք 2004-2011 թթ. ընթացքում խոշոր չափերի գումարներ են հափշտակել քաղաքացիներից` իրենց կողմից կառուցվող  էլիտար շենքերում նույն բնակարանները երկու և ավելի անգամ տարբեր անձանց վաճառելով: Արամի 72/80 հասցեում կառուցված 172 բնակարաններով շենքի դեպքում, օրինակ վաճառքի պայմանագիր է կնքվել 700 բնակչի հետ: Բնակիչների մի մասը վճարել է 20-50 և ավելի միլիոն դրամ: Ըստ բնակիչների` այս գործի  գլխին կանգնած են բարձրաստիճան պաշտոնյաներ:

Ավելի վաղ քաղաքացիների մի մասը դիմել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի աշխատակազմ: Նախագահին հասցեագրված նամակներին, սակայն, այլ ընթացք է տվել Հովհաննես Հովսեփյանը: Թերթը նշում է, որ իր տեղեկություններով, այս գործին խառն են ՀՀ նախագահականից այլ աշխատակիցներ ևս, և,  որ առաջիկա օրերին աշխատանքից կազատվի Հովիկ Հովսեփյանը, ով այս պատմության մեջ լուրջ դերակատարում է ունեցել: