Home / Հայաստան / ՀՖՖ նախագահն իր կուսակցի հետ կոնֆլիկտ չունի, բայց «Հրազդանի» խնդիրը բարձրացնում է

ՀՖՖ նախագահն իր կուսակցի հետ կոնֆլիկտ չունի, բայց «Հրազդանի» խնդիրը բարձրացնում է

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը «Հրազդան» ստադիոնի սեփականատեր, նույնպես ՀՀԿ-ական Աշոտ Աղաբաբյանի հետ դեռևս չի հանդիպել՝ ստադիոնի ապագան քննարկելու համար: Հայրապետյանը «Հրազդանի» խնդիրներին անդրադարձել է Հանրային հեռուստատեսության «Լրացուցիչ ժամանակ» հաղորդման ընթացքում:

Հիշեցնենք, որ «Հրազդան» ստադիոնի սեփականատերը ցանկանում է ստադիոնի տարածքում գործող տոնավաճառին կից նոր առևտրային կենտրոն կառուցել, ինչին դեմ է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, ինչպես նաև մի քանի հասարակական կազմակերպություններ, երկրպագուների խմբեր և Ճարտարապետների միությունը:

Դեմ հանդես եկողները նշում են, որ ճարտարապետական տեսանկյունից այդ առևտրի կենտրոնը սխալ է տվյալ վայրում կառուցել.  մարզադաշտում այլևս հնարավոր չի լինի լայնածավալ միջոցառումներ անցկացնել, քանի որ արտակարգ իրավիճակների դեպքում հնարավոր չի լինի կազմակերպել մարդկանց տարհանումը: ՀՖՖ-ն նշում է, որ նման պայմաններում ՈՒԵՖԱ-ն և ՖԻՖԱ-ն պարզապես չեն ընդունի մարզադաշտը:

Հայրապետյանի խոսքով՝  իր և Աղաբաբյանի չհանդիպելու, ինչպես նաև «Հրազդան» ստադիոնի խնդրի հետ կապված հարկ չկա քաղաքական ենթատեքստ փնտրել:

««Հրազդան» մարզադաշտի խնդիրը զուտ սպորտային է: Աշոտն իմ կուսկակցական ընկերն է, Աշոտի հետ մենք նորմալ հարաբերությունների մեջ ենք:  Աղաբաբյան Աշոտի հետ որևէ անձնական խնդիր չկա և չի կարող լինել: Դա կուսակցական խնդիր չի, և մենք չենք թույլ տա մեր հակառակորդներին դրանից օգտվել: Ես իմ կուսակցականի հետ կոնֆլիկտ չեմ ունենա: Պարզապես ես, որպես Ֆեդերացիայի նախագահ, չէի կարող չխոսել այդ խնդրի մասին», – ասել է Հայրապետյանը:

Նա ընդգծել է, որ ներկայիս «Հրազդանում» հանդիպումներ չեն անցկացնում, քանի որ այն չի համապատասխանում միջազգային ֆուտբոլային կառույցների պահանջներին:

««Հրազդան» մարզադաշտում լուսավորության պրոբլեմ կա, խաղադաշտի պրոբլեմ կա, անվտանգության պրոբլեմ կա: Հանրապետականի 14 հազարն այլևս չի բավականացնում մեր հավաքականին: Մենք նոր ընտրական փուլի սկզբում խաղում ենք դրսում՝ Մալթա, Բուլղարիա… Աստված տա՝ 6 միավորով եկանք, ո՞նց ենք անելու Իտալիայի խաղին: 14 հազարանոց մարզադաշտում ես ո՞նց եմ խաղալու: Ով ինձ թույլ կտա «Հրազդան» մարզադաշտում խաղալ, եթե տարածքի առումով, տեղահանման առումով լուրջ պրոբլեմներ կան: Ես բարձրացրել եմ պրոբլեմը, ասել եմ դրա մասին, լուծողը ես չեմ: Փետրվարի սկզբին ՈՒԵՖԱ-ից հանձնաժողով է գալիս: Կգան, կասեն՝ առեք ձեր մարզադաշտը, գնացեք՝ ինչ ուզում եք արեք, պահեք նկար որպես և հիշեք, որ դուք սենց մարզադաշտ եք ունեցել:  Ես մտահոգված եմ, որ մենք կկորցնենք մարզադաշտը, եթե այդտեղ որևէ բան կառուցվի», – նշել է Հայրապետյանը:

Հաղորդման հեղինակներից Արմեն Նիկողոսյանը հարցրել է Ռուբեն Հայրապետյանին, թե ինչի մասին էր զրուցում վերջինս Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի հետ նախորդ շաբաթ Հայաստանի հավաքականի մեծարման երեկոյի ժամանակ:

ՀՖՖ նախագահը նշել է, որ ինքն ասում էր Սարգսյանին՝ «ափսոս է մարզադաշտը»: Հայրապետյանի խոսքով՝ ճարտարապետն իր հետ համաձայնել է:

Այժմ առևտրի կենտրոնի կառուցման մասին որոշումը պետք է կայացնի Երևանի քաղաքապետարանը:

Լուսանկարը` hetq.am