Home / Հայաստան / Սպորտի նախարարը ֆուտբոլով չի հետաքրքրվում. ՀՖՖ նախագահ

Սպորտի նախարարը ֆուտբոլով չի հետաքրքրվում. ՀՖՖ նախագահ

Նախորդ շաբաթ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մեծարման երեկոյին հրավիրվել են այն նախարարները և պաշտոնյաները, ովքեր և’ ծանր, և’ լավ օրերին եղել են ընտրանու կողքին: Այս մասին Հանրային հեռուստատեսության «Լրացուցիչ ժամանակ» հաղորդման եթերում հայտարարել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, իշխող Հանրապետական կուսակցության պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը:

«Եթե նկատեք, ոչ բոլոր նախարարները կային: Կար, օրինակ, վարչապետը, որը միշտ աջակցել է, երկրպագել է Հայաստանի հավաքականին: Այսինքն՝ զուտ երկրպագուներն են եղել: Սպորտի նախարարը ֆուտբոլի երկրպագու չէ (Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարն է ԲՀԿ-ական Արթուր Պետրոսյանը)», – մասնավորապես, ասել է Հայրապետյանը:

ՀՖՖ նախագահի խոսքով՝ Սպորտի նախկին նախարար Արմեն Գրիգորյանը ներկա էր լինում հավաքականի խաղերին, հետաքրքրվում էր ֆուտբոլով, իսկ ներկայիս նախարարը դա չի անում:

«Այս նախարարն անհասկանալի է, չգիտեմ ինչու պասիվ է պահում, չի խառնվում ֆուտբոլին… խառնվել իրավունք էլ չունի, ոչ էլ թույլ կտայինք, բայց չի էլ հետաքրքրվում հավաքականի խաղով», – ասել է Ռուբեն Հայրապետյանը:

Նա խոսել է նաև Օլիմպիական կոմիտեի նախագահ, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի մասին՝ նշելով, որ վերջինս ֆուտբոլի հաջողություններով ուրախանում է, իսկ անհաջողություններից՝ տխրում: Նույնն անում է ինքը՝ Ռուբեն Հայրապետյանը, երբ խոսքը վերաբերում է այլ մարզաձևերին: