Home / Հայաստան / ՀՀ նախագահի խոսնակը հերքել է, որ Սարգսյանն ու Ալիևը քաշքշել են միմյանց

ՀՀ նախագահի խոսնակը հերքել է, որ Սարգսյանն ու Ալիևը քաշքշել են միմյանց

ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը «բացարձակ անհեթեթություն է» անվանել «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա հրապարակումն այն մասին, որ դեկտեմբերի 19-ին Մոսկվայում Կրեմլի Մեծ պալատում ԱՊՀ-ի 20-ամյակի կապակցությամբ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հրավիրած ընդունելության ժամանակ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը քաշքշել են իրար: Այս մասին Արզումանյանը հայտարարել է mediamax.am-ի հետ զրույցում:

«Բնականաբար, նման մակարդակի շփումներում այդպիսի բաներ չեն կարող լինել: Ինչ վերաբերում է ԱՊՀ երկրների ներկայացուցիչներին պարգևատրելու խնդրին, ապա տեղեկացնեմ, որ Ադրբեջանը չէր ներկայացրել պարգևատրման թեկնածուների ցանկ, հետևաբար չէր էլ կարող պարգևատրվել», – ասել է Արմեն Արզումանյանը:

Նշենք, որ «Հայկական ժամանակը», հղում կատարելով իր աղբյուրներին, ներկայացրել է դեպքի մանրամասները` նշելով, որ նախատեսված է եղել ԱՊՀ 20-ամյակի կապակցությամբ շքանշանների հանձնում՝ ԱՊՀ անդամ յուրաքանչյուր պետությունից մեկ դիվանագետի։

«Ընդ որում, շքանշանի հանձնման համար հարկավոր է եղել ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների միաձայն որոշումը։ Բոլոր պետությունների ներկայացուցիչներն ստացել են պարգևները, իսկ երբ հերթը հասել է Հայաստանի ներկայացուցչին (Հայաստանի ղեկավարությունն այդ պարգևին ներկայացրել էր փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանին), Իլհամ Ալիևն առարկել է, ու Քոչարյանը մեդալ չի ստացել: Ադրբեջանի ներկայացուցչին շքանշանի շնորհման քվեարկությունը դրանից մի քանի րոպե առաջ է եղել, և Սերժ Սարգսյանը չի առարկել», – գրել էր թերթը։