Home / Հայաստան / Աղմկահարույց սպանության գործով դատական նիստը հետաձգվեց. դատավորը չկար

Աղմկահարույց սպանության գործով դատական նիստը հետաձգվեց. դատավորը չկար

2010 թվականի մայիսի 12-ին 23-ամյա Խաչիկ Մկրտչյանի սպանության մեջ մեղադրված և 14 տարվա ազատազրկման դատապարտված Վռամ Բաղդասարյանը, նույն գործով դատապարտված միջադեպի մասնակից Հայկ Սանդալջյանը և Արթուր Փոխարյանը ՀՀ վերաքննիչ դատարան բողոք էին ներկայացրել, որի քննությունը պետք է սկսվեր այսօր:

Սակայն Վերաքննիչ դատարանի երեք դատավորներից ներկայացել էին երկուսը` նախագահող դատավոր Գագիկ Ավետիսյանը և Սերգեյ Չիչոյանը: Չէր ներկայացել դատավոր Եվա Դարբինյանը, սակայն նախագահող դատավորը որոշել է, որ Դարբինյանին կփոխարինի մեկ այլ դատավոր Աիդա Հովհաննսիյանը:

Վռամ Բաղդասարյանի պաշտպան, Հելսինկյան ասոցիացիայի փաստաբան Գայանե Խաչատրյանը չի համաձայնել այդ որոշման հետ` նշելով, որ Աիդա Հովհաննիսյանը ծանոթ չէ գործին: Խաչատրյանը միջնորդել է հետաձգել դատական նիստը մինչև Դարբինյանը ներկայանա: Դատավորը բավարարել է միջնորդությունը և դատական նիստը հետաձգվել է, ու նշանակվել 2012 թվականի հունվարի 11-ին, ժամը 12.00-ին:

Նշենք, որ մեղադրյալներից Արթուր Փոխարյանը հրաժարվել է Վերաքննիչ դատարան տրված բողոքից, ինչպես նաև իր պաշտպանից, միայն միջնորդել է, որպեսզի իր նկատմամբ կիրառվի համաներում:

Ինչպես Epress.am-ի հետ զրույցում նշել է, Հելսինկյան ասոցիացիայի անդամ, իրավապաշտպան Արման Վեզիրյանը, այսօրվա դատական նիստի ժամանակ տեղի են ունեցել նաև խախտումներ` սահմանափակվել է  մեղադրյալների և նրանց պաշտպանների շփումը: Մեղադրյալները նստել են մի նստարանին, պաշտպանները մեկ այլ նստարանի` նրանցից հեռու, և նրանք չեն կարողացել խորհրդակցել միմյանց հետ: