Home / Հայաստան / Շուկայում ձիու միս այլևս չկա, վստահեցնում է մասնագետը

Շուկայում ձիու միս այլևս չկա, վստահեցնում է մասնագետը

Կոմիտասի և Գումի շուկայի հարակից տարածքներում գործող մսի իրացման  թվով երեսուներկու տնտեսվարող սուբյեկտների մոտ անցկացրած ստուգումների արդյունքում հայտնաբերվել են մի շարք խախտումներ՝  ձիու մսի իրացման դեպքեր, նաև դիակային ցուպիկների հայտնաբերում մսեղենի մեջ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է Գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության տեսչության ղեկավար Աբրահամ Բախչագուլյանը:

Ըստ Բախչագուլյանի՝ վերոնշյալ մսի իրացման կետերում վաճառքն իրականացվել է առանց սանիտարական փորձաքննության ենթարկվելու և առանց սանիտարահիգիենիկ կանոններին համապատասխանող փաստաթղթերի:

«Բոլոր տնտեսվարող սուբյեկտները տուգանվել են 30000-ից 500 000 դրամով»,- ասել է մասնագետը:

Բախչագուլյանի հավաստմամբ՝ Ամանորյա տոների հետ կապված` իրենց տեսչությունն ուսումնասիրություններ է իրականցանում ու շարունակելու է մշտադիտարկումները իրացման կետերում՝ փորձելով զերծ պահել հանրությանը վտանգավոր կամ կասկած հարուցող ժամկետանց սննդամթերքից:

«Դեկտեմբերի 27-ին ավարտեցին ուսումնասիրությունները «Սուրմալու»  շուկայում և «Փեթակ» խանութների ցանցում: Մեր տեսուչները հսկողություն են իրականացնում տարբեր շուկաներում՝ Ամանորյա տոներին ընդառաջ: Ի հայտ են եկել որոշակի խախտումներ՝ մասնավորապես, «Սուրմալու» շուկայում հայտնաբերված ժամկետանց սնունդը հանվել է վաճառքից: Դրանք են խմորեղեններն ու տարատեսակ հրուշակեղենը, մսամթերք, բաստուրմա, սուջուխ և անհայտ ծագման մսամթերք», – ասել է Բախչագուլյանը:

Ամփոփելով տարին` նա նշել է, որ իրենց տեսչության կողմից ստուգվել են 76 տնտեսվարող սուբյեկտներ, որոնցից  32-ը մսի իրացմամբ զբաղվող կազմակերպություններ էին, 11-ը՝ կաթի, 9-ը՝ պանրի: Ստուգումներ  են անցկացվել նաև ութ խանութներում ու իրացման ցանցերում, սուպերմարկետներում՝ մասնավորապես, խախտումներ են արձանագրվել «Նոր Զովք» և «Երևան Սիթի»  խանութներում:

«Այս ստուգումների արդյունքում տուգանքների տեսքով  պետական  բյուջե է մուտքագրվել 6 միլիոն դրամ», – ասել է Բախչագուլյանը: