Home / Հայաստան / Սուլոցներ ԱԺ նախագահի հասցեին. բնապահպանների քայլերթը կայացավ

Սուլոցներ ԱԺ նախագահի հասցեին. բնապահպանների քայլերթը կայացավ

Այսօր ավելի քան հարյուր բնապահպան ակտիվիստներ քայլերթով ՀՀ կառավարության շենքի մոտից շարժվել են դեպի ՀՀ նախագահի նստավայր: Բողոքի ակցիայի մասնակիցների պահանջն է եղել` չեղյալ համարել կառավարության որոշումը, համաձայն որի Սյունիքի մարզի Քաջարան գյուղի հարակից հողերը ճանաչվել են հանրային գերակա շահ և հանձնվել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին: Բողոքի ակցիային մասնակցել է նաև Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանը:

Դեռևս ՀՀ կառավարության շենքի մոտ Աթայանը զրուցել է լրագրողների հետ` նշելով, որ գյուղի բնակիչները պատրաստ են պայքարել մինչև վերջ իրենց բնակավայրը պահելու և Քաջարանից չհեռանալու համար: Թե որոնք են լինելու պայքարի ձևերը, գյուղապետը չի նշել` ասելով, որ դրա մասին հանրությունը կիմանա այն ժամանակ, եթե ՀՀ կառավարությունը չվերանայի իր որոշումը: Գյուղապետը նշել է, որ իր` ՀՀԿ-ից դուրս գալու և գյուղապետի պաշտոնից հրաժարականի դիմումների հարցը դեռևս ընթացքի մեջ է, և ինքը չի պատրաստվում հետ կանգնել որոշումից:

Քայլերթի ընթացքում ակտիվիստները կանգնել են ՀՀ Ազգային ժողովի շենքի մոտ և պարզել են իրենց պաստառները` «Փրկենք Սյունիքը», «Գյուղացիներն են պահում սահմանը», «Դադարեցրեք բնաբռնաբարությունը», «Քաջեր միացեք»: Այդ պահին ԱԺ-ի բակում հեռուստաընկերություններից մեկին հարցազրույց էր տալիս ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը: Վերջինս ավարտելով իր հարցազրույցը` չմոտեցավ բողոքավորներին, այլ շրջվեց ու բարձրացավ աստիճաններով, ինչին հետևեցին երթի մասնակիցների սուլոցներն ու «ամոթ, ամոթ» վանկարկումները:

Երթը շարունակվեց դեպի նախագահական նստավայր, որտեղ ևս ակցիայի մասնակիցները կառավարության որոշումը չեղյալ համարելու պահանջ պարունակող բովանդակությամբ նամակ հանձնեցին: Նախագահական նստավայրի դիմացի մայթին  երթի մասնակիցները դարձյալ պարզեցին իրենց պաստառները, բարձրաձայնեցին իրենց պահանջը և սկսեցին երգել հայրենասիրական երգեր:

Նշենք, որ բողոքի ակցիային մասնակցում էին քաղաքական ու հասարակական կազմակարեպությունների ու կուսակցությունների ներկայացուցիչներ` «Ժառանգություն» կուսակցությունից Զարուհի Փոստանջյանը, Ստեփան Սաֆարյանը, Հայ Ազգային Կոնգրեսից` Արմենակ Դովլաթյանը, Վլադիմիր Կարապետյանը, Առաքել Սեմիրջյանը, Վարդգես Գասպարին, «Սարդարապատ» շարժումից Ժիրայր Սեֆիլյանը, Տիգրան Խզմալյանը և բազմաթիվ երիտասարդ ակտիվիստներ: