Home / Հայաստան / «Շտապ օգնությունը» արագ արձագանքում է միայն առավել կարևոր կանչերի դեպքում

«Շտապ օգնությունը» արագ արձագանքում է միայն առավել կարևոր կանչերի դեպքում

2012 թվականի հունվարի 1-ից 8-ն ընկած ժամանակահատվածում «Շտապ օգնության» բուժանձնակազմի ներկայությամբ գրանցվել է  մահվան ինը, իսկ մինչև բուժանձնակազմի հասնելը՝  52 դեպք: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Շտապ օգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը:

Շտապ օգնությունում գրանցված կանչերի թվում զգալի տեղ են կազմում ատամնացավերը, գլխացավերը (միգրեն), արյան ճնշման աննշան տատանումները:

«Շտապ օգնությունը սպասարկում է բոլոր կանչերը, սակայն արագ արձագանքում է առավել կարևորներին: Եթե հիվանդի ջերմությունը 37,5 է կամ 38, ապա  այդ կանչը  20-25 րոպեում սպասարկելը այդքան մեծ տարբերություն տալ չի կարող, իսկ սիրտ-անոթային հիվանդությունների դեպքում  նշված դեպքի վայր ուշացումով հասնելը կարող է ճակատագրական լինել», – պատմել է նա:

Ստեփանյանի խոսքով՝ հաճախ շտապ օգնություն են դիմում միայնակ  մարդիկ, ովքեր կարիք ունեն զրույցի, շփման:

«Շատերը կանչում են և ասում, որ շտապ օգնությունը պարտավոր է սպասարկել իրենց: Լինում են դեպքեր, երբ հիվանդը ցույց է տալիս իր ծանոթ բժշկի նշանակումներն ու, ներկայացնելով դեղորայքի ցանկը, շտապ օգնության բժշկին կամ բուժքրոջը պաարտադրում է բուժումը իրականացնել տնային պայմաններում», – ասել է Ստեփանյանը:

Նրա խոսքով` 2010 թվականի համեմատ` «Շտապ օգնությունում» գրանցված կանչերի քանակն 2011 թվականին   ավելացել է տասնչորս հազար վեց հարյուր հիսունվեցով: