Home / Հայաստան / Սերժ Սարգսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ձևավորվել

Սերժ Սարգսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ձևավորվել

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ձևավորվել է Բարձրաստիճան  պաշտոնատար անձանց էթիկայի  հանձնաժողովի կազմը: Հանձնաժողովի անդամներ են նշանակվել ՀՀ Ազգային ժողովի նախագահի առաջարկած թեկնածու Լիլիթ Պետրոսյանը, ՀՀ վարչապետի առաջարկած թեկնածու Արմեն Խուդավերդյանը, ՀՀ սահմա­նադրական դատարանի նախագահի առաջարկած թեկնածու  Արեգ Շուշյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի առաջարկած թեկնածու  Էմիլ Բաբայանը և ՀՀ գլխավոր դատախազի առաջարկած թեկնածու Արտակ Սարգսյանը` 6 տարի պաշտոնավարման ժամկետով:

Հանձնաժողովն անցկացրել է իր առաջին նիստը, որի ընթացքում ընտրվել են հանձնաժողովի նախագահ և տեղակալ: Հանձնաժողովի նախագահ է ընտրվել Էմիլ Բաբայանը, իսկ տեղակալ` Արեգ Շուշյանը:

Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի գրասենակը, այսօր Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նորանշանակ անդամների հետ: Հանդիպման ընթացքում նա ներկայացրել է հանձնաժողովի գործունեության վերաբերյալ իր տեսլականը` կարևորելով այս նորաստեղծ կառույցի առաքելությունը:

ՀՀ նախագահը նշել է, որ վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունը հետևողական քայլեր է իրականացնում պետական մարմինների և պաշտոնատար անձանց գործունեության բարեփոխման և կատարելագործման ոլորտում, այդ թվում` պետական համակարգում հակակոռուպցիոն կառուցակարգերի ներդրման և իրականացման ձևով: Սերժ Սարգսյանի խոսքով, այս գործընթացի տրամաբանական շարունակությունը  հանդիսացավ 2011 թվականին ընդունված «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքը, որի ելակետային պահանջներից մեկն էլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի ստեղծումն է:

«Հանձնաժողովի ստեղծման ու գործունեության հետ կապված հարցերն այսուհետ, բնականաբար, լինելու են հանրային հատուկ ուշադրության օբյեկտ: Իսկ հանձնաժողովի գործունեության արդյունքներն ըստ էության պետք է դառնան կոռուպցիայի կանխարգելման համար համակարգային փոփոխությունների, կոռուպցիոն գործելակերպի դեմ պայքարի ավելի լավ հնարավորությունների, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ սոցիալական մոտեցումներն ու վարքագիծը փոխելու չափանիշներ»,- ընդգծել է Սերժ Սարգսյանը:

Հանրապետության ղեկավարի խոսքով, հանձնաժողովի առաքելությունը՝ երկրում գործող հանրային ինստիտուտների նկատմամբ հասարակության վստահության բարձրացումն է և «արդար կառավարման» համակարգի ներդրումը, բարձրաստիճան պաշտոնատար անձանց գործունեությունը հասարակության համար առավել թափանցիկ ու հրապարակային դարձնելը: Հանձնաժողովի գործունեության տիրույթը, ըստ Սերժ Սարգսյանը, ներառելու է բարձրաստիճան պաշտոնյաների գույքի և եկամուտների վերաբերյալ հայտարարագրերի վերլուծությունը և հրապարակումը, շահերի բախման դեպքերի և էթիկայի կանոնների խախտումների հայտնաբերումը, էթիկայի կանոնների խախտումների մասին կոնկրետ տեղեկատվության հրապարակումը և այլ գործառույթներ:

«Կարծում եմ, որ այս պայմաններում հանձնաժողովի անկախությունը պահանջում է հանձնաժողովի անդամների պատասխանատվության բարձր աստիճան և լիազորություններն իրականացնելիս, բնականաբար, մասնագիտական լավագույն ունակությունների ու կարողությունների դրսևորում և ամենակարևորը` եզրակացություններ և առաջարկություններ ներկայացնելու գործում քաղաքական չեզոքություն ու անկողմնակալություն: Ուզում եմ հատուկ շեշտել, որ որևէ ազդեցություն չի կարող լինել հանձնաժողովի անդամների վրա, բացի օրենքի ազդեցությունից և ձեր բարոյական չափանիշներից»,- ասել է Սերժ Սարգսյանը: