Home / Հայաստան / Գործարարը դատարանի առջև կկանգնի Միկի Մաուսին ու Մինիին ծաղրելու համար

Գործարարը դատարանի առջև կկանգնի Միկի Մաուսին ու Մինիին ծաղրելու համար

Եգիպտոսի խոշոր գործարարներից մեկը դատարանի առջև կկանգնի Twitter-ի իր միկրոբլոգում տեղադրված Դիսնեյի մուլտհերոսներ Միկի Մաուսի և նրա ընկերուհի Մինիի ծաղրանկարի համար: Ծաղրանկարում Մինին ավանդական մահմեդական հագուստ է կրում, Միկին մորուք ունի, իսկ ներքևում գրություն կա, որտեղ ասվում է. «Միկին ու Մինին իսլամիստների` իշխանության գալուց հետո»:

The Independent-ի տեղեկություններով` գործարար Նաջիբ Սավիրիսի դեմ հայցը դատարան է ներկայացվել մի խումբ մահմեդական փաստաբանների կողմից, չնայած նրան, որ Սավիրիսն արդեն իսկ ներողություն է խնդրել նախորդ ամռանը հրապարակած ծաղրանկարի համար: Հայցվոր կողմից պահանջները չեն հաղորդվում:

«Ես պարզապես մտածեցի, որ դա զվարճալի նկար է: Ես չէի ցանկանում որևէ անարգանք ցուցաբերել: Ցավում եմ»,- գրել էր գործարարը:

Վերլուծաբանները անիմացիոն սկանդալային պատմության մեջ քաղաքական ենթատեքստ են տեսնում: Քրիստոնեությանը դավանող Սավիրիսը գլխավորում է լիբերալ հայացքներ ունեցող «Ազատ եգիպտացիներ» կուսակցությունը, որը բոյկոտել է երկրի խորհրդարանական ընտրությունները: