Home / Հայաստան / ՀՀԿ-ական պատգամավորն առաջարկում է ընտրական համակարգի հարցը լուծել հանրաքվեի միջոցով

ՀՀԿ-ական պատգամավորն առաջարկում է ընտրական համակարգի հարցը լուծել հանրաքվեի միջոցով

100%-ոց համամասնական ընտրակարգի անցնելու պարագայում խորհրդարան կանցնեն ոչ ավել, քան 3-4 կուսակցություններ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանը:

«Որոշակի հեղինակություններ ունենալը մեր իրողության մի մասն է, և այդ հեղինակությունները, տեղ գրավելով համամասնական ցուցակում, համենայն դեպս, իմ կարծիքով, իրենց ազդեցությունը կունենան և կօգտագործեն, բնականաբար, օրենքի շրջանակներում, որպեսզի ապահովեն իրենց տեղը ԱԺ-ում»,- ասել է Դավթյանը:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանի հավաստմամբ՝ ոչ ոք չպետք է որոշի, թե որ համակարգի պարագայում ով կանցնի:

«Ընտրողն է որոշում, ոչ թե քաղաքական գործիչը,  և եթե  վստահ եք, որ կանցնեք դուք (նկատի ունի ՀՀԿ-ն – Epress.am)  և «Բարգավաճը», կոչ եմ անում ձեզ  բերել այս արգումենտը ձեր ընկերներին և ասել, որ մնացածը, ասենք, «Ազատ դեմոկրատները»  դուրս կմնան: Նույնիսկ Ռուսաստանի պես ավտորիտար երկրում գիտակցել են, որ այդ շեմը շատ բարձր է, և աշխատում են իջեցնել գոնե 2 կամ 3%-ի, ինչը նորմալ է և կարող է նաև այստեղ կիրառվել»,- ասել է Արզումանյանը:

Արտակ Դավթյանի խոսքով՝  իրենց կուսակցությունը իշխանությունն ամեն գնով պահելու շահ չի հետապնդում, և դա իրենց գերնպատակը չէ:

Արզումանյանը հակադարձել է` որպես օրինակ բերելով 2008 թվականի ընտրությունները, երբ «իրենց ձայնի իրավունքը պաշտպանողների ու բողոքարկողների նկատմամբ սպանդ իրագործվեց, տարբեր տեսակի բռնություններ  կիրառվեցին, հարյուրավորներ մարդիկ հայտնվեցին բանտում»:

«Եթե ուզում  եք երկրի վիճակը լավացնել, ասեմ, որ դա չեն անում տանկերով ու  քաղբանտարկյալներով», – ասել է Արզումանյանը:

Նրա խոսքով` հայաստանցիների համար շատ կարևոր է ռուսաստանյան ընտրությունների օրինակը, որ «մեր կարևորագույն գործընկեր Ռուսաստանը լինի ամուր, ժողովրդավարական  ու մարդու իրավունքները հարգող պետություն»:

Արտակ Դավթյանն առաջարկել է ընտրական համակարգի հարցը լուծել հանրաքվեի միջոցով, ինչը, ըստ նրա, շատ կարևոր կլինի թե ժողովրդի, թե պետության համար: