Home / Հայաստան / Արզումանյանը ՀՀԿ-ականին թույլ չի տվել ասուլիսը վերածել «տեսական սեմինարի»

Արզումանյանը ՀՀԿ-ականին թույլ չի տվել ասուլիսը վերածել «տեսական սեմինարի»

Մեծամասնական ընտրակարգը ընտրությունները կեղծելու համար հարմար մեխանիզմ է, և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը միշտ կողմ է եղել 100% համամասնական ընտրակարգին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է կուսակցության ներկայացուցիչ, ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը:

Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Արտակ Դավթյանի դիտարկմամբ` մեծամասնական ընտրակարգն ունի իր թերությունները՝ հաշվի չեն առնվել քաղաքական կուսակցությունների տեսակետները:

Դավթյանը ներկայացրել է համամասնական ընտրակարգի թերությունները.

«Առաջինը՝  բավական թույլ կառավարություններն են: Օրինակ՝ Իտալիայում շատ կարճ ժամանակահատվածում համամասնական ընտրակարգի արդյունքում  52 կառավարություն է փոխվել: Երկրորդը՝ շատ թույլ կապն է պատգամավորի կամ թեկնածուի ու ընտրողի միջև: Երրորդ՝ ըստ տարածքների ներկայացվածության բավական թույլ մակարդակն է, և ամենակարևոր թերությունն՝ ըստ իս, երբ ի վերջո անցում է կատարվում 100% համամասնական ընտրակարգին, բերում է որոշակի կուսակցամոլության երևույթների՝ կուսակցությունները իրենց դերակատարությունը պետական կառավարման  համակարգում պետության առջև դրված ֆունկցիաներից առավել վեր են դասում»:

Դավթյանի հավաստմամբ՝  խառը ընտրական համակարգը, որը կոչված էր վերացնել մեծամասնականի ու համամասնականի  թերությունները, ևս  100% -ով չի ծառայում իր նպատակին:

«Իմ կարծիքով` ամենից ընդունելին հարաբերական մեծամասնական ընտրական համակարգն է, որը գործում է աշխարհի 43 երկրներում, այդ թվում նաև ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Կանադայում և այլն»,- ասել է պատգամավորը:

Ալեքսանդր Արզումանյանը հակադարձել է, որ ասուլիսը վերածվում է տեսական սեմինարի` նշելով, թե ինքն էլ կարող է խոսել ընդհանուր վերացական համակարգերի մասին, սակայն այսօրվա նպատակն է խոսել այսօրվա Հայաստանի, այս պահի անելիքների մասին:

«Հայաստանի պես չկայացած երկրներում իշխանության միակ նպատակը վերարտադրվելն է՝ ընտրությունները կեղծելու միջոցով՝ գործի դնելով ընտրակեղծիքների ողջ մեխանիզմը: Դրանցից մեկը մեծամասնական ընտրակարգն է: Ընդունենք՝ ընտրություններում ջախջախիչ հաղթանակ է տարել ընդդիմությունը և ստացել ձաների 70%-ը, սա մեր համակարգով 63 տեղ է կազմում, իսկ իշխանությունը ստանում է 27 տեղ, այս 27-ին գումարվում են  մեծամասնականով ընտրված 41 օլիգարխները, արդյունքում` իշխանությունը ստանում է ձայների գերակշռող մասն, ու հետևաբար բացառված է ընտրության հաղթանակը: Նույնն  պատկերը նաև հակառակ պարագայում»,- պնդել է Արզումանյանը:

Նա համոզված է՝ քանի դեռ կուսակցությունները չեն կարողանում կայանալ, և 41 ընտրատեղամասերում բացառապես հաղթում են  մականունավոր օլիգարխներն ու իշխանության ներկայացուցիչները, ոչ ոք չի կարող վստահել արդար ընտրություններին:

«Եթե իշխանությունը խոսում է ազատ, արդար ընտրություններից, ապա դրա համար լուրջ ապացույցներ են պետք և պետք է քչացնել  հենց իշխանության կողմից իրագործվող ընտրակեղծիքները»,- եզրափակել է Արզումանյանը: