Home / Հայաստան / Նորվեգացի ահաբեկիչը զգուշացնում էր իրականացվելիք սպանդի մասին. նրան արհամարհել էին

Նորվեգացի ահաբեկիչը զգուշացնում էր իրականացվելիք սպանդի մասին. նրան արհամարհել էին

Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում և Ուտոյա կղզում նախորդ տարի տեղի ունեցած կրկնակի ահաբեկչությունը, որի հետևանքով 77 մարդ զոհվեց, հնարավոր կլիներ կանխել, եթե նորվեգացի պաշտոնյաները չարհամարհեին սպառնալիքներ պարունակող զանգերը: Այս մասին վկայում են ողբերգությունից ամիսներ հետո բացահայտված նոր տվյալները: Պարզվում է, որ հանցագործը տարբեր պետական մարմիններին նախապես զգուշացրել է նախապատրաստվող սպանդի մասին, սակայն նրա սպառնալիքներին ոչ ոք լուրջ չի վերաբերվել:

Ահաբեկչությունից երեք ամիս առաջ` մարտին, Անդերս Բերինգ Բրեյվիկը զանգահարել է Նորվեգիայի պետական ծառայությունների կենտրոն և հաղորդել, որ պատրաստվում է զանգվածային սպանություններ կազմակերպել: Նա նաև հայտնել է, որ պատրաստվում է գնդակահարել Նորվեգիայի բանվորական կուսակցության երիտասարդական ֆորումի անդամներին: Ահաբեկիչն անգամ պատմել է իր 1500 էջանոց Մանիֆեստի մասին, որը նա անվանել է «եվրոպական մշակութապահպանողական հեղափոխության գլխավոր փաստաթուղթ»:

Զանգն ընդունած օպերատորը գրանցել է Բրեյվիկի կողմից հնչեցված բոլոր սպառնալիքները և անգամ անունն է արձանագրել, հեռախոսահամարն ու խոսակցության ամսաթիվը: Սակայն ոստիկանություն չի դիմել: Նորվեգիայի պետծառայության կենտրոնի ղեկավարը խոստովանել է, որ զանգի մասին տվյալները հայտնաբերվել են արդեն հուլիսյան ահաբեկչությունից հետո:

Ի դեպ, ահաբեկիչը չի սահմանափակվել մեկ զանգով: Մայիս և հունիս ամիսներին նա մի շարք զանգեր է կատարել տարբեր պետական հաստատություններ, բացի դա, փորձել է շփվել երկրի առաջատար կուսակցությունների ներկայացուցիչների հետ: Սակայն նրան, ամենայն հավանականությամբ, լուրջ չեն ընդունել: Պաշտոնյաները արդարանում էին, որ չափազանց քիչ տեղեկություններ են ունեցել այդ զանգերի մասին, այդ իսկ պատճառով անգամ ահաբեկչությունից հետո նրանք ոչ անմիջապես են այդ զանգերը կապել Ուտոյայի սպանդի հետ:

Եվրոպացի լրագրողների կարծիքով` այս տեղեկությունն ապացուցում է այն փաստը, որ Բրեյվիկը քաղաքականապես մոտիվացված հանցագործ է և ոչ թե խելագար ֆանատիկոս, ինչպիսին նրան ցանկանում են ներկայացնել իշխանությունները: Այժմ ահաբեկչի զանգերի վերաբերյալ հետաքննություն է սկսվել: Շատ պաշտոնյաներ կարող են զրկվել պաշտոններից: