Home / Հայաստան / Հայաստանում իրավապահ մարմիններից պահանջում են գործել ըստ Սահմանադրության

Հայաստանում իրավապահ մարմիններից պահանջում են գործել ըստ Սահմանադրության

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը քաղաքացիներից պարբերաբար բողոքներ է ստանում ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին: Այս մասին ասված է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի տարածած հայտարարության մեջ:

«Սովորաբար, այդ հաղորդումների հիման վրա քրեական գործեր չեն հարուցվում, որոշ դեպքերում սահմանափակվում են միայն ծառայողական քննության իրականացմամբ և որպես օրինափաչություն տարբեր մեթոդներով` համոզումներով, սպառնալիքներով ստիպում են, որպեսզի քաղաքացիները հրաժարվեն բռնությունների փաստերի վերաբերյալ իրենց բողոքներից: Զուգահեռաբար, հատկապես վերջին երկու տարվա ընթացքում քաղաքացիների բողոքներն արձանագրած կազմակերպության աշխատակիցներին, ինչպես նաև որպես հաղորդում ներկայացրած իրավաբանական անձի ներկայացուցիչ, կազմակերպության նախագահին հրավիրում են իրավապահ մարմիններ բացատրություններ վերցնելու նպատակով` իբր կազմակերպության աշխատակիցների կողմից քաղաքացիների տված տեղեկությունները կեղծելու, քաղաքացիներին ուղղորդելու, նույնիսկ քաղաքացիների նկատմամբ սպառնալիքների կիրառման հետ կապված հարցերը պարզելու», – նշում են հայտարարության հեղինակները:

Մասնավորապես, նրանք նշում են, որ 2011 թվականի հոկտեմբերի 10-ին գրասնեյակի կողմից հաղորդում էր ներկայացվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն քաղաքացուն ոստիկանության բաժին ապօրինի բերման ենթարկելու և ոստիկանության բաժնում 14 ժամ անազատության մեջ պահելու և նրա նկատմամբ բռնություններ կիրառելու փաստերի վերաբերյալ:

Հաղորդումը թողնվել է անհետևանք, քանի որ համաձայն ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության կողմից 2011 թ. նոյեմբերի 3-ին ներկայացված պատասխանի` բռնության փաստը չի հաստատվել և հաղորդման մեջ մատնանշված անձինք բողոքներ չունեն:

«2012 թվականի հունվարի 12-ին կազմակերպության նախագահին հրավիրել էին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժին գործի նախապատրաստման փուլում բացատրություններ տալու նպատակով, որի ընթացքում քննիչի կողմից ներկայացված հարցերը կապված են եղել ոստիկանությունում բռնության ենթարկված քաղաքացու և նրա մոր նկատմամբ իբր կազմակերպության նախագահի կողմից սպառնալիքներ կիրառելու, բուժզննության ընթացքում չափից դուրս ակտիվ լինելու և այլ հարցերի շուրջ: Այսինքն` իրավապահ մարմինները որդեգրել են ոչ միայն ճնշումների կիրառմամբ ոստիկանության բաժիններում բռնություններից տուժած քաղաքացիների բողոքներից հրաժարվելու, այլև բռնությունների փաստով կազմակերպության իրավապաշտպան գործունեության նկատմամբ ճնշումներ կիրառելու գործելակերպ, որն արտահայտվում է քրեական գործի հարուցման սպառնալիքով:

Գտնում ենք, որ հանձինս իրավապահ մարմինների` ՀՀ դատախազություն, ՀՀ հատուկ քննչական ծառայություն, Հայաստանի Հանրապետությունը

  1. չի կատարում խոշտանգումների կանխարգելման «Խոշտանգումների և դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ու պատժի այլ ձևերի դեմ» ՄԱԿ-ի կոնվենցիայի և «Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման մասին» եվրոպական կոնվենցիայի  շրջանակներում ստանձնած պարտավորությունները,
  2. ոչ միայն չի խրախուսում, այլև քրեական հետապնդման սպառնալիքով փորձում է լռեցնել բռնության ենթարկված քաղաքացիների բողոքի ձայնը, նման փաստերի վերաբերյալ իրավապաշտպան կազմակերպության նախաձեռնությունները և սքողել իրավապահ մարմինների կողմից քաղաքացիների նկատմամբ կիրառվող բռնությունները` կոծկելով հանցագործությունները:

Սույնով

  • դատապարտում ենք ՀՀ իրավապահ մարմինների գործելաոճը,
  • հայտարարում ենք, որ որևէ ճնշում, սպառնալիք կամ դրանց փորձեր ի սկզբանե դատապարտված են անհաջողության և սին են նման մեթոդներով իշխանությունների հույսերը կասեցնելու իրավապաշտպան գործունեությունը ՀՀ-ում:

Վերստին հայտնում ենք մարդու իրավունքների խախտումների բոլոր դեպքերի ուղղությամբ մեր գործունեության հետևողականության, հաստատակամության և վճռականության մասին:

Այսուհետ ևս շարունակելու ենք յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ ահազանգերի, հաղորդումների միջոցով հասնել

  • քաղաքացիների նկատմամբ բռնություններ կիրառած պատասխանատուների բացահայտմանը,
  • նրանց գործողությունների իրավական գնահատականների ստացմանը,
  • արդարադատության իրականացմանը:

Գտնում ենք, որ իրավապահ մարմինները կգիտակցեն իրենց պատասխանատվությունը ՀՀ քաղաքացիների առջև` ըստ ՀՀ Սահմանադրության, ՀՀ միջազգային պարտավորությունների և ազգային օրենսդրության», – նշում են հայտարարության հեղինակները: