Home / Հայաստան / Շատ ու քիչ բենզին. Մարգար Օհանյանը հարցեր է տալիս վկաներին

Շատ ու քիչ բենզին. Մարգար Օհանյանը հարցեր է տալիս վկաներին

ՀՀ Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի գործով այսօրվա դատական նիստի ժամանակ հարցաքննվել են վկա, ՃՈ իրավաբանական բաժնի տեսուչ Ժիրայր Կարապետյանը, ով ներկայացնում է տուժողին` Ճանապարհային ոստիկանությանը, վկաներ Կարեն Օհանյանը, Արմեն Սարգսյանը, Արմեն Մնացականյանը, Ստեփան Սեդրակյանը: Հիշեցնենք, որ Մարգար Օհանյանը մեղադրվում է մոտ 2 500 տոննա բենզին յուրացնելու մեջ:

Ժիրայր Կարապետյանն իր ցուցմունքում նշել է, որ գործի մանրամասներն իրեն հայտնի չեն և ինչ գիտի` գիտի քրեական գործից:

Վկաներ Կարեն Օհանյանը և Արմեն Սարգսյանը, ովքեր ճանապարհային ոստիկանությունում վաշտերի հրամանատարներ են, իրենց ցուցմուքներում նշել են, որ ամսական 350 լիտր բենզին են ստացել և, կտրոնը ստանալիս, ստորագրել են 350 լիտր ստանալու փաստաթղթի տակ:

Վկաները նշել են նաև, որ իրենց բենզինի կտրոնները ստացել են գործով մեկ այլ մեղադրյալ Սամվել Մախմուրյանից, ով ՃՈ տնտեսական բաժնի տեխնիկն է: Արմեն Սարգսյանն ասել է, որ իր դասակում աշխատում են 24 -25 օր և ամսվա մեջ 4-5 օր հանգստանում են:

Այս վկային Մարգար Օհանյանը հարց է տվել, թե արդյոք եղել է այնպես, որ այդ հանգստյան օրերին նրանք աշխատեն և դրա համար լրացուցիչ բենզին ստանան: Վկան պատասխանել է, որ նման դեպքեր եղել են` պարզաբանելով, որ եթե Հայաստան են այցելել այլ երկրների նախագահներ և իրենք ուղեկցողների թվում են եղել, կամ իրենց հանգստյան օրերը համընկել են հանրահավաքների օրերի հետ, իրենց դասակը աշխատել է, և իրենք Մախմուրյանից լրացուցիչ բենզին են ստացել:

Արմեն Մնացականյանը, ով 2007 թվականից աշխատում է ՃՈ-ում որպես ֆինանսատնտեսական բաժնի պետ, իր ցուցմուքնում նշել է, որ իրենք ամսվա առաջին 15 օրվա համար բենզին ստանում էին բյուջեի միջոցներից, իսկ մյուս 15 օրվա համար արտաբյուջետային միջոցներից:

Վերոնշյալ վկաների նախաքննական և դատաքննության ժամանակ տված ցուցմունքներում կողմերը հակասություններ չեն նկատել: Իսկ ահա վկա Ստեփան Սեդրակյանի նախաքննության ժամանակ տված երկու ցուցմունքներում և դատարանում տրված ցուցմունքում կողմերը էական հակասություններ են նկատել, այդ պատճառով դատախազ Հարություն Հարությունյանը միջնորդել է հրապարակել Սեդրակյանի նախաքննական ցուցմունքները:  Միջնորդությունը բավարարվել է, և դատավոր Մխիթար Պապոյանը հրապարակել է Սեդրակյանի ցուցմունքները: Այս վկան 2011 թվականի մայիսին աշխատանքից ազատվել է, իր խոսքով, հիշողության հետ կապված պրոբլեմների համար: Մինչ այդ նա աշխատել է որպես ՃՈ 2-րդ գումարտակի 1-ին վաշտի հրամանատար:

Այն հարցին, թե որքան լիտր բենզին է ինքն անձամբ ստացել, վերջինս ասել է` 500-ից 600 լիտր: Նա ամբողջ դասակի համար ստացել է ամսական 3100 լիտր բենզին 2-րդ սպայական գումարտակի նախկին հրամանատար Ստեփան Կարախանյանից, ով նույնպես գործում որպես մեղադրյալ է ներգրավված: Նա 500-600 լիտր պահել է իրեն, 400 լիտր տվել է տեղակալին, իսկ մնացածը բաժանել է դասակի մյուս ներկայացուցիչների միջև:

Սեդրակյանը նաև հայտարարել է, որ ինքը բենզին ստանալիս ստորագրել է ավելի շատ քանակությամբ բենզին ստանալու փաստաթղթի տակ, բայց ստացել է ավելի քիչ:

«Ես ստորագրել եմ իմ ատչյոտի տակ: Ինձ ասել են էսքան գրի, ես էլ ստացել եմ ու գրել եմ», – ասել է վկան: Սեդրակյանի խոսքով` նման բան իրեն ասել է  Կարախանյանը:

 

Մարգար Օհանյանը վկային հարց է տվել` ինչու իր հետ բազմաթիվ հանդիպումների ժամանակ Սեդրակյանը չի ասել, որ ստորագրածից ավելի քիչ բենզին է ստացել: Սեդրակյանը պատասխանել է դա իր մեղքն է:

Նշենք, որ Սեդրակյանն իր առաջին նախաքննական ցուցմուքնում նշել էր, որ իրենց տրվող բենզինը պակաս է եղել և չի բավականացրել: Ինքն այդ հարցը բարձրացրել է  գումարտակի հրամանատարի մոտ, վերջինս  էլ խոստացել է, որ պակասը կլրացվի, սակայն դա չի արվել:

Իր երկրորդ ցուցմունքում վկան հերքել էր իր առաջին ցուցմունքում նշվածը, և այդ անգամ էլ բենզինի ստացման այլ թվեր էր ներկայացրել: Դատարանում վկան հայտարարել է, որ իրենց տրամադրվող բենզինը հիմնականում բավարար է եղել` հավելելով, որ եղել են դեպքեր, երբ իր գրպանից է գումար դրել և բենզին գնել:

Նշենք, որ այսօվա դատական նիստն անցել է լեփ-լեցուն դահլիճում: Նիստին ներկա են եղել Մարգար Օհանյանի ընկերներն ու հարազատները, լրագրողներ, ինպես նաև ԱՄՆ դեսպանատան աշխատակից Սթիվեն Քեսլերը, ով որպես դիտորդ էր մասնակցում նիստին:

Հաջորդ դատական նիստը կկայանա հունվարի 19-ին, ժամը 11-30-ին: