Home / Հայաստան / Ֆրանսիայի Սենատի նախագահը դեմ է ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրենքին

Ֆրանսիայի Սենատի նախագահը դեմ է ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրենքին

Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժան-Պյեր Բելը ուրբաթ լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ չի ողջունում հունվարի 23-ին Սենատում քննարկվելիք Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին օրինագիծը, հայտնում է Today’s Zaman պարբերականը:

«Գնալով ես ավելի ու ավելի քիչ եմ ողջունում պատմական իրադարձությունների մասին օրենքներ ընդունելը», – ասել է Բելը` նշելով, որ Ֆրանսիայի Սենատը պարտավոր չէ կողմ քվեարկել այս օրինագծին: Սոցիալիստ քաղաքական գործիչ Բելը նաև հավելել է, որ մտահոգված է Թուրքիայի և Ֆրանսիայի միջև առկա երկկողմանի հարաբերությունների ներկայիս բացասական ընթացքով «այն ժամանակ, երբ այդ հարաբերությունները պետք է ավելի ամրապնդվեին»:

Հիշեցնենք, որ Ֆրանսիական խորհրդարանի ստորին պալատի կողմից Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին օրինագծի ընդունումից հետո Թուրքիան սպառնում է տնտեսական պատժամիջոցներ կիրառել Ֆրանսիայի դեմ:

Նշենք, որ Թուրքիայի լոբբին շարունակում է աշխատել Ֆրանսիայի Սենատում օրինագծի վավերացումը կասեցնելու ուղղությամբ:

Միաժամանակ, մի շարք սենատորներ Կանաչների խմբավորումից և Եվրոպական դեմոկրատական ու սոցիալիստական արշավ կուսակցությունից (RDSE), նույնպես նշել են, որ դեմ են քվեարկելու օրինագծին: Նրանք ընդգծում են, որ թեև «հարգում են տառապած ազգերի  պատմությունը», բայց միաժամանակ վստահ են, որ օրինագիծը չի նպաստի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը:

RDSE կուսակցությունը սակայն, Սենատում ընդամենը 16 ներկայացուցիչ ունի, իսկ Կանաչների խմբավորումն էլ ավելի քիչ, նշում է «Անադոլու» գործակալությունը: Եվ թեև մի շարք սոցիալիստ սենատորներ և անգամ Նիկոլա Սարկոզիի իշխող կուսակցության սենատորները նույնպես պատրաստվում են դեմ քվեարկել օրինագծին, այդուհանդերձ Թուրքիան մտավախություն ունի, որ այն, այնուամենայնիվ, կընդունվի` էլ ավելի բացասական ազդեցություն թողնելով ֆրանս-թուրքական հարաբերությունների վրա: