Home / Հայաստան / Ադրբեջանը հրաժարվում է կատարել ձեռք բերված պայմանավորվածությունները. Նալբանդյան

Ադրբեջանը հրաժարվում է կատարել ձեռք բերված պայմանավորվածությունները. Նալբանդյան

Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծում միջադեպերի հետաքննության վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք էր բերվել անցյալ տարի մարտին Սոչիում կայացած Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ, սակայն մինչ օրս դա չի իրականանում, որովհետև ադրբեջանական կողմը փաստորեն խանգարում է դրա իրականացմանը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Ադրբեջանական կողմից հնչում է, թե ընդհանրապես այսպիսի պայմանավորվածություններ ձեռք չեն բերվել, թե իբրև այդպիսի առաջարկներ ընդհանրապես չեն արվել: Այստեղ մեկնաբանությունները, կարծեմ, ավելորդ են: Վերջերս՝ դեկտեմբերին, ադրբեջանական կողմն ինքն իրեն մեկուսացրեց՝  ևս մեկ անգամ դուրս գալով միջազգային հանրության դեմ:

Երբ քննարկվում էր ԵԱՀԿ բյուջեն, և եռանախագահները առաջարկեցին համապատասխան հատկացումներ տրամադրել այս մեխանիզմի ստեղծման համար, Ադրբեջանը դեմ դուրս եկավ, իսկ երբ աջակցություն չստացավ՝ սպառնաց անգամ կիրառել վետո ԵԱՀԿ ընդհանուր բյուջեի վրա:

Եվս մեկ անգամ ադրբեջանցիները ցույց են տալիս, թե ինչպես են հրաժարվում, հետ են կանգնում այն պայմանավորվածություններից, որոնք ձեռք են բերվել հենց իրենց մասնակցությամբ:

Հուսով եմ, որ բանակցությունները կշարունակվեն, և բոլորի կողմից բարձր գնահատվող այս առաջարկը, որը կարևոր մեխանիզմ կարող է հանդիսանալ ոչ միայն հետաքննությունների իմաստով, այլև նոր միջադեպերի կանխարգելման առումով, կիրականացվի», – նշել է Նալբանդյանը: