Home / Հայաստան / Պրեսկոտը Հայաստանում դրական փոփոխություններ է նկատել

Պրեսկոտը Հայաստանում դրական փոփոխություններ է նկատել

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի հարցով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի համազեկուցող Ջոն Պրեսկոտին:

Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը, Սարգսյանը բարձր է գնահատել ԵԽԽՎ-ի հետ ձևավորված կառուցողական հարաբերությունները և այդ գործընթացում Ջոն Պրեսկոտի անմիջական ներգրավվածությունը:

Նա նշել է, որ ԵԽԽՎ համազեկուցողի հետ վերջին հանդիպումից հետո համագործակցության դաշտում որոշակի դրական զարգացումներ են արձանագրվել:

ԵԽԽՎ համազեկուցողը ևս ընդգծել է, որ կտրուկ տարբերություն է նկատում իր առաջին այցից հետո: Դրական փոփոխությունները, նրա խոսքով, Հայաստանի քաղաքական գործիչների հետ ունեցած իր հանդիպումների բովանդակությունից էլ ակնհայտ են:

Հանդիպման ժամանակ ՀՀ նախագահը և Հայաստանի հարցով ԵԽԽՎ համազեկուցողն անդրադարձել են դատաիրավական, ոստիկանության, մարդու իրավունքների պաշտպանության, կոռուպցիայի դեմ պայքարի բնագավառներում Հայաստանում իրականացվող բարեփոխումներին, առաջիկա խորհրդարանական ընտրությունների կազմակերպման հարցերին: