Home / Հայաստան / ՏԵՍԱՆՅՈՒԹ – Կինը փակում էր Բաղրամյան փողոցը, պահանջում, որ Սերժ Սարգսյանը դուրս գա

ՏԵՍԱՆՅՈՒԹ – Կինը փակում էր Բաղրամյան փողոցը, պահանջում, որ Սերժ Սարգսյանը դուրս գա

2010 թվականի հուլիսի 27-ին Տավուշի մարզի «Մեհրաբ» զորամասում զոհված լեյտենանտ Արտակ Նազարյանի գործով դատական նիստերը Երևանից Տավուշի մարզ տեղափոխելու որոշումն առաջացրել է մեղադրյալների ծնողների զայրույթը: Մեղադրայլներից մեկի` Ադիբեկ Հովհաննիսյանի մայրը` Ջավահիր Հովհաննիսյանը նախագահական նստավայրի դիմացի մայթից սկսեց անցնել փողոցը` ընթացքում կոչ անելով բոլորին հետևել իր օրինակին: Նա սպառնում էր նետվել մեքենայի տակ, կանգնեցնում էր մեքենաները, կնոջն ուղեկցող ոստիկանները չէին կարողանում հանգստացնել նրան: Կնոջ հետ փողոցն անցել են նաև մեղադրյալների և տուժողի բարեկամները, նրանցից ոմանք սկսել են քաշքշել դարպասի ճաղավանդակները:

Նախագահականի մոտ բողոքի ակցիա կազմակերպող խաբված բնակարանատերերը կոչ են արել Ադիբեկ Հովհաննիսյանի մորը իրենց հետ մնալ հացադուլի:

«Հացադուլ էլ կանեմ, մեքենայի տակ էլ կընկեմ», – սկսել է գոռալ կինը և պահանջել է, որպեսզի Սերժ Սարգսյանը դուրս գա:

Ընթացքում նա պատմում էր, որ իր տղան Արտակ Նազարյանի մահվան պահին 10 օրվա ծառայող էր, և չէր կարող սպանած լինել` «աֆիցեռն ա արել»:

«Պարոն Սերժ, դուրս արի: Ես իրեն ձայն եմ տվել, թող պատասխան տա: Հրամայե’ք, թող դուրս գա», – գոռում էր կինը: Նա նշում էր, որ ընտրել է Սերժ Սարգսյանին, բայց փոշմանել է:

Քիչ անց նա ուշագնաց եղավ, հրավիրեցին շտապօգնության մեքենա, որտեղ էլ Ջավահիր Հովհաննիսյանին օգնություն ցուցաբերեցին:

Դրանից հետո բողոքողների ներկայացուցիչներին ընդունեցին նախագահականում և խորհուրդ տվեցին գնալ Արդարադատության խորհուրդ, որտեղ էլ իրենց կպատասխանեն: