Home / Հայաստան / Օտարերկյա ներդրողների համար Հայաստանում նորմալ պայմաններ կան, վստահեցնում է ՊԵԿ-ը

Օտարերկյա ներդրողների համար Հայաստանում նորմալ պայմաններ կան, վստահեցնում է ՊԵԿ-ը

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը չի գնել ավստրիական «Մոցարտ» շոկոլադի գործարանը: Այսօր տարածված լուրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հերքեց ՊԵԿ փոխնախագահ Արմեն Ալավերդյանը: Նա նշել է, որ եվրոպական երկրներում խոշոր ընկերություն գնել այդպիսի մեխանիզմով ուղղակի անհնար է:

«Կլինի դա Գագիկ Խաչատրյանը, թե Հայաստանի ցանկացած այլ քաղաքացի, որ դրսում ուզենա սեփականություն ձեռք բերել, պետք է պարզել` անշարժ գույք, թե կազմակերպություն, մեխանիզմները դրսում տարբեր են»,- ասել է Արմեն Ալավերդյանը:

Նա անդրադարձել է նաև այն տեղեկատվությանը, թե «Մոսկվիչկա» սուպերմարկետերում երեկ չեն տրամադրել ՀԴՄ կտրոններ: Արմեն Ալավերդյանը վստահեցրել է, որ նման ահազանգ ստանալու դեպքում իրենք ստուգումներ անցկացնում են, սակայն նման ահազանգերը միշտ չէ, որ համապատասխանում են իրականությանը:

«Անցյալ տարի «Մոսկվիչկա» սուպերմարկետը տուգանվել է, այս տարի ստուգում դեռ չի անցկացվել», – ասել է Արմեն Ալավերդյանը:

Անդրադառնալով այն թեմային, թե օտարերկրյա ներդրողների դեպքում Հայաստանում բիզնես սկսելու համար համապատասխան պայմաններ չկան, Արմեն Ալավերդյանը  նշել է, որ իրականում նման պատկերացումը չի համապատասխանում իրականությանը, ինչի մասին վկայում են խոշոր միջազգային ընկերությունները, որ գործում են Հայաստանում:

Կոնկրետ «Փարիզյան սուրճ»–ի սեփականատեր Վալերի-Աշխեն Գործունյանի դեպքին անդրադառնալով` Արմեն Ալավերդյանը նշել է, որ  յուրաքանչյուր գործարար իրավունք ունի որոշելու մնալ, թե հեռանալ Հայաստանից: Ալավերդյանը վստահեցրել է, որ 24 ժամվա պահանջ չի դրվել Գործունյանի դեմ:

«Մեր օրենսդրության մեջ մենք այդպիսի օրենք չունենք։ Օրենքը ասում է հետևյալը՝ պարտավորությունը առաջանում է՝ 10 օրվա մեջ վճարում կատարիր», – ասաց Արմեն Ալավերդյանը: