Գլխավոր / Հայաստան / Բանակում զոհված զինծառայողի մայրը դատի մասին ծանուցագիրը ուշացումով է ստացել

Բանակում զոհված զինծառայողի մայրը դատի մասին ծանուցագիրը ուշացումով է ստացել

2011 թվականի փետրվարի 12-ին ԼՂՀ-ի Խոջալուի զորամասերից մեկում հրազենային վնասվածքից մահացած  22-ամյա զինծառայող Թորգոմ Սարուխանյանի գործը ուղարկվել է դատարան: Այս մասին Epress.am-ին տեղեկացրել են Հելսինկյան ասոցիացիայից, որի անդամ Արման Վեզիրյանն այս գործում ներգրավված է որպես տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ:

Երեկ՝ հունվարի 18-ն, ժամը 16.00-ին  Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Ստեփանակերտի նստավայրում նշանակված է եղել այս գործով առաջին դատական նիստը, սակայն hունվարի 18-ին ո’չ տուժողի իրավահաջորդը, ո’չ էլ իրավահաջորդի ներկայացուցիչները չեն կարողացել գնալ դատի, քանի որ Թորգոմ Սարուխանյանի մորը՝ Լենա Սարուխանյանին, դատի նշանակման ծանուցագիրը հասել է հենց դատի օրը, և, բնականաբար, նա չէր կարող Գյումրիից ժամանակին հասնել Ստեփանակերտ:

Հիշեցնենք, որ Epress.am-ի հետ զրույցներից մեկի ժամանակ Լենա Սարուխանյանը  կարծիք էր հայտնել, որ իր որդուն ինչ-որ գաղտնի գործեր են հանձնարարել կատարել, որը չի մտնում զինվորի պարտականությունների մեջ, և որպեսզի այդ մասին ոչ ոք չիմանա, գործն անելուց հետո իր տղային սպանել են` փորձելով ծածկել իրողությունը:

Նշենք նաև, որ Թորգոմ Սարուխանյանը բանակ էր զորակոչվել Գյումրիից, և 2011թվականի  աշնանը նա պետք է ավարտեր ծառայությունը: Պաշտոնական վարկածի համաձայն, Թորգոմ Սարուխանյանին դրդել են ինքնասպանության: