Home / Հայաստան / Հոկտեմբերի 27-ի գործով նախկին մեղադրյալը պահանջում է քրեական գործ հարուցել ՀՀ գլխավոր դատախազի նկատմամբ

Հոկտեմբերի 27-ի գործով նախկին մեղադրյալը պահանջում է քրեական գործ հարուցել ՀՀ գլխավոր դատախազի նկատմամբ

Հոկտեմբերի 27-ի գործով մեղադրված, իսկ հետագայում արդարացված Նաիրի Բադալյանն առաջիկա մի քանի օրը պատրաստվում է դիմել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին` պահանջելով քրեական գործ հարուցել հոկտեմբերի 27-ի գործով քննիչ Հեկտոր Սարդարյանի, գլխավոր դատախազության ավագ դատախազ Զալինյանի, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի  նկատմամբ:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Բադալյանը նշել է, որ վերոնշյալ մարդիկ սխալ ուղղույամբ են տարել իր քրեական գործը` մեղադրելով նրան ահաբեկիչներին օժանդակելու մեջ:

Նրա խոսքով` իր որոշման համար հիմք է հանդիսացել ՀՀ նախագահի դեկտեմբերի  22-ի հրավիրված խորհրդակցությունը, որի ընթացքում Սերժ Սարգսյանը առաջարկել էր հոկտեմբերի 27–ի գործով ապօրինի որոշումներ կայացրած քննիչների, դատավորների, դատախազների նկատմամբ նշանակել ծառայողական քննություն և  Քրեական օրենսգրքի խախտում հայտնաբերելու դեպքում քրեական գործ հարուցել: Հույս ունենալով, որ նախագահի այս հայտարարությունը հերթական ՀՀ բարձրաստիճան պաշտոնյայի հերթական ընտրություններից առաջ  արտասանած հերթական բաժակաճառը չէ, այլ ընդամենը համոզմունք` Հայաստանում ինչ-որ բան փոխելու, արդարադատության համակարգը փոքր-ինչ բարելավելուն ուղղված քայլ, որոշեցի դիմել նրան», – ասել է նա:

Բադալյանը նաև ասել է, որ իր գործի քննության ընթացքում, ինքը ենթարկվել է խոշտանգումների, և իրեն հասցվել են թե բարոյական, թե նյութական վնասներ: Նա դեռևս 2011 թվականի մայիսին դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որտեղ «Բադալյանն ընդդեմ Հայաստանի» գործ է բացվել: Գործն այս պահին չի քննվում, քանի որ 2011-ի օգոստոսին Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ առաջին ատյանի դատարանը վերաբացել է Բադալյանի քաղաքացիական հայցը, և այժմ նա սպասում է հայաստանյան դատարանի վճռին: Նա դատարանից պահանջում է 10 միլիոն դոլար:

Այնուամենայնիվ, Բադալյանի խոսքով` ինքը արդար վճիռի չի հավատում: Դատական նիստը նշանակվել է փետրվարի 24-ին: Բադալյանը այդ ժամանակ վերադառնալու է ԱՄՆ, որտեղ բնակվում է: Նրա խոսքով` դատարանը լավատեղյակ էր, որ ինքը Երևանում չի լինելու, այդ իսկ պատճառով դատական նիստն այդ օրը նշանակվեց, որպեսզի գործն առանց իր մասնակցության քննվի:

Հիշեցնենք, որ 1999 թ. հոկտեմբերի 27-ին Ազգային Ժողովի նիստի ժամանակ ահաբեկիչ Նաիրի Հունանյանն իր խմբի հետ ներխուժել է նիստերի դահլիճ: Ահաբեկիչները կրակ են բացել` սպանելով ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանին, ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանին, ԱԺ փոխխոսնակներ Յուրի Բախշյանին ու Ռուբեն Միրոյանին, պատգամավորներ Արմենակ Արմենակյանին, Միքայել Քոթանյանին, Հենրիկ Աբրահամյանին և Օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանին: