Home / Հայաստան / Ո՞ւմ համար են շահույթ ապահովում Երևանի փողոցներում տեղադրված տեսախցիկները

Ո՞ւմ համար են շահույթ ապահովում Երևանի փողոցներում տեղադրված տեսախցիկները

Երևանի փողոցներում վերջին օրերին տեղադրված տեսախցիկները, որոնք պետք է արձանագրեն ճանապարհատրանսպորտային խախտումները պատկանում են «Security dream» ընկերությանը: «Հրապարակ» օրաթերթը գրում է, որ ընկերությունը ստեղծվել է բառացիորեն մի քանի ամիս առաջ և խոստացել է մինչև 2017 թվականը 9.8 մլն եվրոյի ներդրում կատարել։ Այս պահին «Security dream»-ը տեղադրել է 15 արագաչափեր՝ մայրուղիներում, և խախտում արձանագրող 10 տեսախցիկներ՝ Երևանի տասը խաչմերուկներում։

Օրաթերթը նշում է, որ սրա դիմաց ընկերությունը մեծ առավելություններ է ստացել ՀՀ կառավարությունից։ Այսպես՝ այսուհետ ավտոճանապարհային խախտումների տուգանքների 70 տոկոսը գնալու է «Security dream» ընկերությանը: Տվյալ պայմանագիրը ՀՀ ոստիկանությունն ընկերության հետ կնքել է 25 տարով։

«Հրապարակը» նշում է, որ պայմանագրում կետ կա, համաձայն որի ներդրումը վերադարձնելուց հետո տոկոսների բաշխման մեջ փոփոխություն պետք է արվի, սակայն որքան կլինի այդ փոփոխությունը չի հստակեցված:

«Թերևս արդեն իսկ կարելի է պատկերացնել, թե ինչ բիզնես է ապահովվել այդ ընկերության համար։ Այլ հարց է, որ այդ տեսախցիկները կարող էր տեղադրել պետությունը, և այդ գումարները գնային պետական բյուջե», – նշում է «Հրապարակը»։

Թե ով է ընկերության սեփականատերը՝ ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից թերթը պատասխան չի ստացել:

«Դժվար է պատկերացնել, որ մի սովորական բիզնեսմենի ընկերություն, որը նույնիսկ վեբ-կայք չունի ու տեղեկատուներում գրանցված չէ, կարող էր առանց շատ թափով պաշտոնյայի շահել մրցույթը: Որևէ երկրում նման ներդրում չկա, որ մի քանի տասնյակ տեսախցիկ տեղադրելու դիմաց մի մասնավոր ընկերություն 25 տարի ստանա այդ երկրի երթևեկության խախտումների տուգանքների 70 տոկոսը։ Սա նշանակում է, որ օրինախախտ վարորդները հարստացնելու են կոնկրետ անձի», – նշում է թերթը:

«Հրապարակի» այն հարցին, թե հնարավոր չէ՞ր այդ տեսախցիկները տեղադրեր պետությունը, և այդ գումարները 25 տարի գնային ոչ թե ինչ-որ մասնավոր ընկերություն, այլ պետական բյուջե, ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը պատասխանել է, որ դա պետք է մասնագիտացած ընկերություն աներ:

«Փաստորեն` պետությունը չէր կարող տեսախցիկներ ու երիտասարդ մասնագետներ ձեռք բերել, ինչպես դա արեց «Security dream»», – եզրափակում է թերթը: