Home / Հայաստան / Խաբված բնակիչները փորձել են գրավել իրենց շենքը. դարպասները կողպված էին

Խաբված բնակիչները փորձել են գրավել իրենց շենքը. դարպասները կողպված էին

Բուզանդ, Արամի, Եկմալյան, Սարյան փողոցների խաբված բնակարանատերերը, որոնք արդեն հինգ օրը է` բողոքի ակցիա են անցկացնում նախագահական նստավայրի մոտ, որևէ պատասխան չստանալով, այսօր որոշել են գնալ և, իրենց խոսքով, գրավել Սարյանի փողոցի վրա նորակառույց 10-հարկանի այն շենքը, որտեղ իրենցից շատերը ունեն բնակարաններ: Բնակիչները փորձել են մտնել շենքի բակ, սակայն շենքը շրջապատող դարպասները կողպված են եղել: Ներսում աշխատող պահակներն ասել են, որ իրենք չեն փակել դռները, սակայն հրաժարվել են բացել դրանք:

Բնակիչները ստիպված իրենց ակցիան անցկացրել են շենքի մոտ:

«Այս շենքը կառուցվել է 2004թ.: Եվ միայն 2007թ. շենքի տակի հողը սեփականաշնորհել է քաղաքապետարանի ավագանու անդամ Անդրանիկ Խալոյանը: Իսկ այդ ընթացքում շենքի 50 բնակիչները իրենց բնակարաններում աշխատանքները կատարել էին: Այսինքն` սա ռեկետ է»,- Epress.am-ի հետ զրույցում  ասել է բնակիչներից Սոնա Մաղաքյանը:

Նրա խոսքով` հենց այդ առաջին  հողի վաճառքն է սկիզբ դրել հետագա օրինախախտումների. «Գագիկ Պապոյանն այս Սարյանի շենքի 50 ընտանիքներից վախենալով է Եկմալյան, Արամի փողոցի բնակարանները վաճառել նաև այս Սարյան շենքի բնակիչների վրա, ստացվել է, որ միևնույն բնակարանի սեփականության պայմանագրեր ունեն մի քանի բնակիչներ միաժամանակ»,- ասել է Սոնա Մաղաքյանը:

Ի դեպ, շենքի բնակիչները Epress.am-ի հետ զրույցում հայտնել են, որ պատահական չեն համարում երեկ իրենց շենքի տակի հողը սեփականաշհնորհած Անդրանիկ Խալոյանի փեսա  «Նեպտունի Համիկի» ձերբակալությունը: Ըստ նրանց` եթե  ճնշման ենթարկվեն իրենց իրավունքները խախտած այլ մեծահարուստներ ևս, իրենց խնդիրը կլուծվի:

Բնակչները պատմում են, որ իրենց երեկ ընդունել է Ֆինանսների փոխնախարար Հայկ Դավթյանը, ում հանձնարարված է զբաղվել այս բնակիչների խնդիրների լուծմամբ: Հայկ Դավթյանը բոլորից պահանջել է իրեն ներկայացնել գործերին առնչվող փաստաթղթերը: Փաստաթղթերի ուսումնասիրության փուլից հետո նա խոստացել է հայտնել, թե խաբեության զոհ դարձած քաղաքացիների խնդրի լուծման ամենաշահավետ ճանապարհը որն է: