Home / Հայաստան / ՀՀ զինդատախազի գնահատականները չեն համապատասխանում իրականությանը. հայտարարություն

ՀՀ զինդատախազի գնահատականները չեն համապատասխանում իրականությանը. հայտարարություն

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը համաձայն չէ, համաձայն որի 2010 թվականի համեմատությամբ 2011 թվականին բանակում մահվան ելքով դեպքերը նվազել են 40 տոկոսով:

Հաղորդագրության մեջ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը նշում է, որ իրենց կողմից պարբերաբար իրականացվող ուսումնասիրւթյունը ներկայացնում է այլ պատկեր:

«2011 թվականին ՀՀ զինված ուժերում մահացությունների թիվը կազմել է 39 հոգի, որից 11-ը հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով, 4-ը` կանոնադրային հարաբերությունների խախտման, 6-ը` դժբախտ պատահարի, 10-ը՝ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու, 3-ը՝ անվտանգության կանոնների խախտման արդյունքում, 2-ը` առողջական խնդիրների պատճառով, մահացության մեկ դեպքի պատճառները հայտնի չեն, մեկ դեպք ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետևանքով, իսկ մեկ դեպք որակվել է որպես դիտավորյալ սպանություն:

ՀՀ պաշտպանության նախարարությունը կամ ԼՂ պաշտպանական բանակը նշված 39 դեպքերից միայն 32 դեպքի վերաբերյալ է հանդիսացել որպես տեղեկատվության տարածման առաջին աղբյուր, որից 3 դեպքերում չի նշվել մահացածների անձնական տվյալները: Մնացած 7 դեպքերից մեկ դեպքի մասին ընդհանրապես որևէ տեղեկատվություն չի տարածվել:

Ըստ կազմակերպության տեղեկությունների` 2011 թվականի դեպքերի առնչությամբ հարուցված քրեական գործերից 6-ը գտնվում է նախաքննության փուլում, մեկ գործ արդեն ուղարկվել է դատարան, մեկ գործի դատաքննությունն ավարտվել է, որը սակայն բողոքարկվելու է ՀՀ վերաքննիչ դատարան: Մնացած գործերի վերաբերյալ հանրությանը որևէ տեղեկատվություն չի տրամադրվել:

«2010 թվականին ՀՀ զինված ուժերում մահացությունների թիվը կազմել է 54 հոգի /մեր կողմից արձանագրվել է 44/, որից 9-ը հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով, 24-ը` կանոնադրային հարաբերությունների խախտման, 2-ը` դժբախտ պատահարի, 1-ը՝ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու, 3-ը՝ անվտանգության կանոնների խախտման արդյունքում, 5-ը` առողջական խնդրների պատճառով: ՀՀ պաշտպանության նախարարությունը կամ ԼՂ պաշտպանական բանակը նշված 54 դեպքերից միայն 10 դեպքի վերաբերյալ է հանդիսացել որպես տեղեկատվության տարածման առաջին աղբյուր, որից միայն մեկ դեպքում չի նշվել մահացածի անձնական տվյալները:

Ըստ կազմակերպության տեղեկությունների` 2010 թվականի 15 դեպքերի առնչությամբ  հարուցվել է քրեական գործ: Հարուցված 15 քրեական գործերից մեկ գործի մասին մանրամասնություններ չկան, թե արդյոք ինչ հոդվածով է հարուցվել քրեական գործը կամ ինչ ընթացքում է այն գտնվում, 9 քրեական գործ գտնվում է նախաքննության փուլում, իսկ 2 գործ՝ դատաքննության փուլում: 3 գործ արդեն ավարտվել Է:

Դեպքերի թիվը, որոնք ավարտվել են մահացությամբ, կազմում է 2010 թվականին 31 /որից 6-ը հրադադարի ռեժիմի խախտում/, իսկ 2011 թվականին 36 /որից 10-ը հրադադարի ռեժիմի խախտում/:

Այսպիսով, մահացության ելքով դեպքերի թիվը իրականում 2011 թ-ին 2010 թ-ի համեմատ չի նվազել, նվազել է մահացությունների թիվը: Այսինքն՝ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից ՀՀ զինված ուժերում իրավիճակի փոփոխությանն ուղղված գործողությունների արդյունավետության վերաբերյալ գնահատականները չափազանցված են:

Նկատի ունենալով, որ 2011 թ-ի սեպտեմբերի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կողմից զինակիցներին ուղղված ուղերձում նշվում է  2011 թ-ի ուսումնական տարվա 2-րդ կիսամյակում հատկապես միջանձնային հարաբերությունների ոլորտում դեպքերի և պատահարների քանակական աճի մասին՝ կարող ենք արձանագրել, որ զինդատախազի կողմից զինված ուժերում իրավիճակի փոփոխման մասին տրված գնահատականները չեն համապատասխանում իրականությանը», – նշում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակը:

Ելնելով նշվածից՝ հաղորդագրության հեղինակները նշում են, որ ՀՀ զինված ուժերում իրավիճակի փոփոխությանը կարելի է հասնել միմիայն համակարգային հետևյալ փոփոխությունների իրականացման արդյունքում.

«Ներքին կարգապահական կանոնագրքի մասին» օրենքի անհապաղ ընդունումը, որը կապահովի զինված ուժերում ներքին բողոքարկման արդյունավետ մեխանիզմների ձևավորումը և իրագործումը

  1. ԵԽԽՎ 1742 (2006) հանձնարարականի համաձայն ռազմական օմբուդսմենի ստեղծումը
  2. «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքի իրականացման ապահովումը
  3. ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի և ՀՀ ՊՆ միջև գործառույթների հստակեցումը և Պաշտպանության նախարարության առջև գլխավոր շտաբի պատասխանատվության հստակեցումը
  4. ՀՀ զինվորական կոմիսարիատի՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի ենթակայությունից դուրս բերումը և ներգրավումը ՀՀ ՊՆ կազմում կամ զորակոչի ապահովման նպատակով որպես առանձին գործակալության ստեղծումը
  5. Զինվորական կարգապահության, կոռուպցիոն դրսևորումների և ռիսկերի,  մահացության յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ ծառայողական և քրեական գործերի քննության օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ իրականացում, ինչպես նաև դրանց արդյունքների վերաբերյալ հանրության պարտադիր իրազեկում
  6. Հասարակական վերահսկողության անկախ ինստիտուտի ձևավորում և իրականացում