Home / Հայաստան / ԼՂՀ խնդրի կարգավորման գործընթացը կարագացվի, պայմանավորվել են նախագահները

ԼՂՀ խնդրի կարգավորման գործընթացը կարագացվի, պայմանավորվել են նախագահները

Ադրբեջանի և Հայաստանի նախագահները խոստացել են արագացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ հիմնական սկզբունքների համաձայնեցման գործընթացը: ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկուշաբթի Սոչիում եռակողմ հանդիպման ձևաչափով 10-րդ անգամ բանակցություններ են անցկացրել, որի արդյունքում համատեղ հայտարարությամբ են հանդես եկել:

«Երեք երկրների ղեկավարներն ընդգծեցին ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ իրականացված աշխատանքի մեծ ծավալը՝ սկսած 2008թ. նոյեմբերի 2-ի նրանց հանդիպումից, երբ ընդունվեց մոսկովյան հռչակագիրը: Նախագահները հայտարարեցին, որ ինտենսիվ բանակցութունների արդյունքում առաջընթաց է ձեռք բերվել ԼՂ կարգավորման Հիմնարար սկզբունքների համաձայնեցման շուրջ:

Նկատի առնելով Խաղաղ համաձայնագրի մշակմանն անցնելու կարևորությունը, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության նախագահները պատրաստակամություն հայտնեցին արագացնել Հիմնարար սկզբունքների շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերումը` հաշվի առնելով մինչ այժմ իրականացված աշխատանքը:

Երկու նախագահները բարձր գնահատեցին Ռուսաստանի Դաշնության և ԵԱՀԿ Մինսկի համանախագահ մյուս երկրների միջնորդական առաքելությունն ու հույս հայտնեցին, որ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան այդ կարգավիճակում հետագայում ևս ակտիվ դերակատարություն կունենան կարգավորման գործում` ընդհուպ մինչև տարածաշրջանում վերջնական խաղաղության ու կայունության հաստատումը:

Ի զարգացումն 2011թ. մարտի 5-ին Սոչիում արված Համատեղ հայտարարության դրույթի, Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանական Հանրապետության նախագահներն ի գիտություն ընդունեցին համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի՝ շփման գծի երկայնքով միջադեպերի հետաքննության անցկացման  մեխանիզմի վերաբերյալ համատեղ մշակած զեկույցը և հանձնարարեցին  շարունակել այդ աշխատանքը:

Նախագահները հաստատեցին, որ ԼՂ կարգավորման համատեքստում վստահության ամրապնդման միջոցներից է կողմերի միջև հումանիտար շփումների զարգացումը: Այդ առումով Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության նախագահներն իրենց պատրաստակամությունը հայտնեցին նպաստելու մտավորականության, գիտական և հասարակական շրջանակների ներկայացուցիչների միջև հետագա երկխոսության հաստատմանը», – հայտարարության բովանդակությունը փոխանցում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը: