Home / Հայաստան / Հայաստանի ֆիլհարմոնիկը հավասարվելու է Նյու Յորքի նվագախմբին. կարծիք

Հայաստանի ֆիլհարմոնիկը հավասարվելու է Նյու Յորքի նվագախմբին. կարծիք

Շախմատի հաղթանակներից հետո գալու է Ֆիլհարմոնիկ նվագախմբի  հաղթանակը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:

«Հիմա կարող է  ուտոպիա թվալ, բայց մեր նվագախումը հավասարվելու է Նյու Յորքի ֆիլհարմոնիկին», – հայտարարել է դիրիժորը:

Թոփչյանը հայտնել է, որ նվագախումբը նոր ծրագրերով  է սկսել տարին, սակայն նաև բացասական փոփոխությամբ. Նվագախումբը լքել են մի քանի բարձրակարգ ու նվագախմբի համար առանցքային դեր ունեցող երաժիշտներ:

«Կորցրեցինք մի քանի լավ  երաժիշտներ, ինչը բնական է. լավ պայմաններ են առաջարկում դրսում: Սակայն հույս ունեմ, որ լավ երաժիշտների հոսքը կկանգնի պետական և հովանավորչական աջակցության շնորհիվ»,- ասել է Էդուարդ Թոփչյանը:

Ֆիլհարմոնիկի գլխավոր դիրիժորը հայտնել է նաև, որ մտադիր չէ թողնել նվագախումբը: Նա ասել է, որ պայմանագրի համաձայն, ամսական մեկ շաբաթ պետք է անցկացնի Իսպանիայում, սակայն դա չի խանգարի, որպեսզի նա ղեկավարի Հայաստանի նվագախումբը ևս:

2012 թվականին ևս ավանդույթի համաձայն ամեն ուրբաթ  ֆիլհարմոնիկ նվագախումբը համերգ է ունենալու: Նախատեսված են մի քանի հյուրախաղեր,  համերգային  տարբերակով բեմադրումներ:

«Ճապոնիայի հետ համաձայնությունը ստանալուց հետո` ասիական մեծ տուր կունենանք, ինչը ես շատ կարևորում եմ: Ասիան մեծ դեր ունի հիմա դասական երաժշտության համար»,- ասել է Էդուարդ Թոփչյանը:

Փետրվարին կբացվի ֆիլհարմոնիկի նոր կայքէջը, որի ներկայացումը կլինի փետրվարի 11-12-ին: