Home / Հայաստան / Costa Concordia-ի վթարի վայրը զբոսաշրջության կենտրոն է դարձել

Costa Concordia-ի վթարի վայրը զբոսաշրջության կենտրոն է դարձել

Նախորդ շաբաթ Իտալիայի ափերի մոտ ստորջրյա ժայռաբեկորի բախված «Կոստա Կոնկորդիա» զբոսանավի վթարի վայրը հանգստյան օրերին զբոսաշրջության կենտրոն է դարձել: Շաբաթ և կիրակի օրերին  ավելի քան 1000 զբոսաշրջիկներ ժամանել են Ջիլիո, գրում է The Daily Mail-ը:

Տեղական իշխանությունների խոսքով` ձմռանը այսպիսի փոքր կղզում զբոսաշրջիկների նման հոսք երբեք չեն տեսել: Սովորաբար այս շրջանում հանգստյան օրերին օրական մոտ 100 մարդ է Ջիլիո ժամանում:

Պարբերականը նշում է, որ կողքի շուռ եկած 300 մետրանոց հսկա զբոսանավը տեսնել ու նրա ֆոնին նկարահանվել ցանկացողները կղզի են ժամանել ընդամենը մի քանի ժամով: Մարդիկ լուսանկարվում էին զբոսանավի ֆոնին և հեռանում:

Տուրիզմի կառավարման տեղական վարչության ներկայացուցիչ Էլիզաբեթ Թանիի խոսքով` մարդկային ողբերգության հանդեպ նման հետաքրքրությունը իրեն սխալ է թվում: «Ես հասկանում եմ` դա բնական արձագանք է: Մարդիկ հաճախ կանգ են առնում, երբ անցնում են ավտոպատահարի կողքով: Բայց չէ՞ որ այստեղ մարդիկ են զոհվել, ոմանց մինչ այժմ չեն գտել»,- պարզաբանել է Նանին:

Հիշեցնենք, որ 4200 ուղևորներ փոխադրող Costa Concordia նավը վթարի էր ենթարկվել Ջիլիո կղզու մոտակայքում հունվարի 14-ի գիշերը: Վերջին տվյալներով` վթարի զոհ է դարձել 13 մարդ, անհայտ կորած են համարվում 20 ուղևորներ:

Զբոսանավի կապիտան Ֆրանչեսկո Սկետինոն ձերբակալվել է չկանխամտածված սպանության և մինչ մարդկանց տարհանումը  զբոսանավից վաղաժամ հեռանալու մեղադրանքի համաձայն: Հետաքննության ընթացքում Սկետինոն տնային կալանքի տակ կլինի: