Home / Հայաստան / «Կառիչնվիոտ» շունը և «քյառթու կուռաժիտ ըլնող» ոստիկանները. դատ

«Կառիչնվիոտ» շունը և «քյառթու կուռաժիտ ըլնող» ոստիկանները. դատ

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակված Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդ ակտիվիստների գործով դատական նիստը բազմաթիվ ուրախ պահեր է պարգևել դահլիճում ներկաներին, այդ թվում` փաստաբաններին, դատավորին և դատախազին:

Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին Կոնգրեսի 7 ակտիվիստներ բերման էին ենթարկվել Երևանի Կարապի լճի հարակից տարածքում ոստիկանների հետ տեղի ունեցած միջադեպի հետևանքով: Հաջորդ օրը ակտիվիստները ձերբակալվել էին, իսկ մի քանի օրվա ընթացքում նրանցից 6-ին` Սահակ Մուրադյանին, Դավիթ Քիրամիջյանին, Արտակ Կարապետյանին, Սարգիս, Արեգ և Վահագն Գևորգյաններին ազատ էին արձակել` երկրից չբացակայելու ստորագրության դիմաց: Անազատության մեջ է մնացել միայն Տիգրան Առաքելյանը:

Այսօրվա դատական նիստի ժամանակ ցուցմունքներ տվեցին գործում որպես տուժող ներգրավված ոստիկաններ Վոլոդյա Գրիգորյանը, Դավիթ Մելիքյանը և Վարուժան Գասպարյանը:

Առաջին երկու վկան պատմել են, որ այդ օրն իրենք նկատողություն են արել մի քաղաքացու, ով իր շանը Կարապի լճի մոտ զբոսանքի էր հանել առանց դնչկալի: Ոստիկանների խոսքով` դրանից հետո տեղի է ունեցել միջադեպը, որի ընթացքում երիտասարդներն իրենց քաշքշել են և հայհոյել:

Կողմերի այն հարցերին, թե ինչպես և ինչու երիտասարդները նրանց սկսեցին քաշքշել, ոստիկանները որևէ բացատրություն չեն կարողացել տալ: Այն հարցին, թե արդյոք նրանք փորձել են հանդարտեցնել երիտասարդներին, տուժողները դրական պատասխան են տվել` նշելով, սակայն, որ փորձերն անհաջող են եղել, և երիտասարդները վիրավորել են իրենց:

Մեղադրողի այն հարցին` ինչ են ասել վիրավորելիս, Դավիթ Մելիքյանը նշել է. «Նրանք բղավում էին` այ, քյառթուավարի կուռաժիտ ըլնող ոստիկաններ»:

Դավիթ Մելիքյանը նաև նշել է, որ շունը «կառիչնվիոտ» գույն ուներ: Տիգրան Առաքելյանի պաշտպան Վահե Գրիգորյանը Մելիքյանին հարցրել է, թե արդյոք ինքը վիրավորական է համարում  «քյառթու կուռաժիտ ըլնող» արտահայտությունը, ինչին ոստիկանը դրական պատասխան է տվել:

Դրան հետևել է Վահե Գրիգորյանի ևս մեկ հարցադրում. արդյոք «կառիչնվիոտ» արտահայտությունը չի նշանակում «քյառթուավարի կուռաժիտ ըլնել», ինչն առաջացրել է դահլիճում ներկաների ծիծաղը:

Մելիքյանը նաև ասել էր, որ քաշքշուկի ժամանակ ինչ-որ մեկը բղավել էր` «ժողովուրդ, եկեք, միացեք մեզ, էս բերետներին վերացնենք»: Ոստիկանի խոսքով` քաշքշոցի ժամանակ երիտասարդները կախվել են իրենց շորերից, իսկ իրենք ակտիվիստներին չեն վիրավորել:

Տիգրան Առաքելյանն այդ դիտարկումից հետո հարց է տվել. «Ես կախված էի ձեր շորերից, դուք էլ ինձ ասում էիք հարգելի քաղաքացի՞»: Ոստիկանն այս հարցին էլ դրական պատասխան է տվել, ինչը դարձյալ դահլիճում ծիծաղ է առաջացրել:

Մելիքյանն իր խոսքում ասել է, որ հրամանատարի հրամանով ոստիկանները բերման են ենթարկել միջադեպի առավել ակտիվներին: Վահե Գրիգորյանի այն հարցին, թե ինչպես էր դրսևորովում նրանց ակտիվությունը, հարցաքննվողն ասել է, որ Սարգիս Գևորգյանը, Տիգրան Առաքելյանը և Դավիթ Քիրամիջյանը «վառ ակտիվ էին»:

Հարցաքննությանը միջամտել է մեղադրող դատախազ Մարտիրոսյանը` հարցնելով, թե ինչ է նշանակում «վառ ակտիվ»: Տուժողը բացատրել է, որ նրանք ակտիվ ելույթ էին ունենում, հետո բացատրել է, որ «ակտիվ ելույթ ունենալ» նշանակում է հայհոյել:

Պաշտպանի այն հարցին, թե ոստիկանների գործողությունների արդյունքում Տիգրան Առաքելյանին գետնին ընկած տեսել են, թե ոչ, բոլոր երեք հարցաքննվողները պատասխանել են, որ չեն տեսել: Հիշեցնենք, որ Կոնգրեսի ակտիվիստները ԶԼՄ-ների, մասնավորապես, Epress.am-ի զրույցում նշել էին, որ այդ օրը, իրենք տեսել են, թե ինչպես են ոստիկանները ծեծում գետնին ընկած Տիգրան Առաքելյանին և Արտակ Կարապետյանին:

Ոստիկաններից Վարուժան Գասպարյանն իր ցուցմուքնում նշել է, որ ինքը միջադեպին միացել է այն բանից հետո, երբ իրենց շտապ կապ են տվել:

Գասպարյանը նշել է, որ Դավիթ Քիրամիջյանին բերման ենթարկելիս երկուսն էլ ընկել են գետնին, դրա հետևանքով վնասվել է իր ոտքը և պատռվել է Քիրամիջյանի ճակատը: Դրանում ոստիկանը մեղադրել է Քիրամիջյանին:

Այս տուժողի ցուցմունքը չի ավարտվել, նրան կողմերը հարցեր պիտի տան հաջորդ դատական նիստի ընթացքում, որը կայանալու է հունվարի 27-ին, ժամը 14.00-ին: