Home / Հայաստան / Ռոբերտ Քոչարյանը պատիժ սահմանելու իրավունք չուներ. իրավաբաններ

Ռոբերտ Քոչարյանը պատիժ սահմանելու իրավունք չուներ. իրավաբաններ

Ցմահ դատապարտյալների հիմնահարցերին նվիրված այսօր կայացած կլոր սեղանի ժամանակ քննարկվեցին երկու խնդիրներ, որոնց  իրավական արդարացվածությունը վիճահարույց է, և  քննարկման մասնակիցների կարծիքով` դրանց անարդար լինելը հանգեցրել է  ցմահ դատապարտյալների  հիմնախնդիրների:

Ըստ մասնագետների`  Ռոբերտ Քոչարյանի ընդունած հրամանագիրը, որով մահապատժի դատապարտված 38 մարդ դատապարտվել էր ցմահ ազատազրկման, օրենքի խախտում է ՄԻ եվրոպական կոնվենցիայի տեսանկյունից և չի  համապատասխանում նաև ՀՀ Սահմանդրության սահմանած կարգին:

Իրավաբան Արայիկ Ղազարյանի խոսքով` ՄԻ եվրոպական կոնվենցիայի համաձայն` Ռոբերտ Քոչարյանը` որպես ՀՀ նախագահ, իրավունք ուներ միայն ներում շնորհել, սակայն իրավունք չուներ պատիժ սահմանել. դա դատական իշխանության գործառույթն է:

«Եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածն ասում է` պատիժ միայն օրենքի հիման վրա պետք է տրվի: Սակայն Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը ասում է` համաներումը  պատժի մեղմացումը չի ենթարկվում այդ 7-րդ հոդվածին, որովհետև դա պատժի կիրառման ոլորտից է, ոչ թե պատժի նշանակման ոլորտից»,- ասել է Արայիկ Ղազարյանը` հավելելով, որ այդ 38-ի Եվրոպական դատարան դիմելու դեպքում հնարավոր է Հայաստանը խնդիրներ ունենա:

«Մեր օրենսդրության տեսակետից ևս նախագահի հայտարարությունը պատիժ սահմանել է: Այդ 38 դատապարտյալների հարցով դատարանի սահմանած և, օրինական ուժի մեջ մտած դատական ակտում գրված է, որ դատարանը  անփոփոխ է թողնում մահապատիժը` ցմահ ազատազրկմամբ փոխարինելով  «նախագահի կողմից սահմանված պատիժը»,- ասել է իրավաբան Վահե Գրիգորյանը:

Երկրորդ հիմնահարցը, որ անհանգստացնում է ցմահ ազատազրկվածների գործով զբաղվող  «Ցմահ դատապարտվածների աջակցության  քաղաքացիական նախաձեռնությանը», այն է, որ 2010 թ. կատարված օրենսդրական փոփոխությունը, որով  ազատազրկման առավելագույն չափը սահմանվեց 20 տարի` 15-ի փոխարեն, փաստացի չի անդրադառնում մինչ փոփոխությունը քննված դեպքերի վրա:

«Որոշ  գործերում, համարելով 15 տարին մեղմ պատիժ, դատավորները նախկինում գերադասում էին ցմահ ազատազրկման դատապարտել: Ենթադրվում էր, որ առավելագույն 20 սահմանելը  կկրճատեր նաև ցմահ դատապարտված անձանց թիվը: Սակայն բոլոր 97 ցմահ  դատապարտյալները, ովքեր դիմել են դատարան` իրենց պատիժը վերանայելու խնդրանքով` համարելով, որ փոփոխությունը հետադարձ ուժ ունի,   մերժվել են դատարանի կողմից»,- ասել է Հելսինկյան կոմիտեի իրավաբան Ռոբերտ Ռևազյանը և համոզմունք հայտնել, որ դատարանը սխալ է, քանի որ, եթե այդ մարդիկ դատվեին հիմա, ապա  ոչ բոլորը կդատապարտվեին ցմահ ազատազրկման:

Epress.am-ը հայցում է ընթերցողների ներողամտությունը տվյալ նյութում թույլ տված սխալի համար: ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի անվան փոխարեն նյութում նշվել էր Սերժ Սարգսյանի անունը: