Home / Հայաստան / «Կարամ քո ձեռքերը ընենց բռնեմ…». ՀԱԿ ակտիվիստի գործով դատական նիստ

«Կարամ քո ձեռքերը ընենց բռնեմ…». ՀԱԿ ակտիվիստի գործով դատական նիստ

Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Սարգիս Գևորգյանի, Դավիթ Քիրամիջյանի և Արտակ Կարապետյանի  գործով դատական նիստի ժամանակ այսօր շարունակվեց տուժողների հարցաքննությունը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին Կոնգրեսի 7 ակտիվիստներ բերման էին ենթարկվել Երևանի Կարապի լճի հարակից տարածքում ոստիկանների հետ տեղի ունեցած միջադեպի հետևանքով: Հաջորդ օրը ակտիվիստները ձերբակալվել էին, իսկ մի քանի օրվա ընթացքում նրանցից 6-ին` Սահակ Մուրադյանին, Դավիթ Քիրամիջյանին, Արտակ Կարապետյանին, Սարգիս, Արեգ և Վահագն Գևորգյաններին ազատ էին արձակել` երկրից չբացակայելու ստորագրության դիմաց: Անազատության մեջ է մնացել միայն Տիգրան Առաքելյանը:

Այսօր շարունակվեց գործով անցնող տուժող Վարուժան Գասպարյանի  հարցաքննությունը: Տիգրան Առաքելյանը վերջինիս հարցրել է, թե երբ իրեն բերման է ենթարկել, արդյո՞ք որևէ արձանագրություն կազմվել է: Գասպարյանը պատասխանել է, որ չի կազմել, և հայտարարել է, որ երիտասարդներին բերման ենթարկելիս իրեն խանգարել են երիտասարդների ընկերները, այդ թվում` Սարգիս Գևորգյանի քույրը:

Սարգիս Գևորգյանը հարցրել է, թե արդյոք Գասպարյանը վստահ է, որ իր քույրն է եղել նրա թևից քաշողը, վերջինս վստահաբար ցույց է տվել դատարանում գտնվող Անի Գևորգյանին:

Հաջորդ տուժողը Տիգրան Ավետիսյանն էր, ով դատարանում հայտարարել է, որ բերման ենթարկվելուց հետո Տիգրան Առաքելյանը մեքենայի մեջ գլխով հարվածել է  իրեն և կոտրել իր քիթը: Դա տեղի է ունեցել նրանից հետո, երբ Առաքելյանն ասել է, որ իրեն լավ չի զգում և ինքն ավելի թույլ է պահել վերջինիս ձեռքերը, որից հետո, իր խոսքով, Առաքելյանը հարվածել է իր քթին:

Առաքելյանի պաշտպան Վահե Գրիգորյանի և Առաքելյանի այն  հարցին, թե արդյոք Տիգրանը չէր կարող նույնն անել ձեռքերը մեջքի հետևում ծալած վիճակում, Ավետիսյանը պատասխանել է. «Ես կարամ քո ձեռքերը ընենց բռնեմ, որ դու չկարողանաս շարժվել»:

Վահե Գրիգորյանը խնդրել է  դատավորին թույլ տալ ոստիկանին ցույց տալ` ինչպես է  ոլորել Աառքելյանի թևերը. վերջինս դա ցույց տվեց Վահե Գրիգորյանի վրա, սակայն Գրիգորյանը խնդրեց, որ այդ հնարքը իր վրա փորձարկի նստած վիճակում, ինչպես եղել է մեքենայի մեջ, սակայն այս անգամ դատավորը մերժեց:

Ավետիսյանը նաև հերքել է Առաքելյանի այն պնդումը, թե մեքենայի մեջ իր կոկորդից բռնել է այնպես, որ ինքը շնչահեղձ է եղել:

Այնուհետև Սարգիս Գևորգյանն է Ավետիսյանին հարցրել, թե արդյոք բերման ենթարկող մեքենայի վարորդը իրեն չի ասել` «կխեղդվի, կմեռնի, կմնա մեր վրա«. տուժողը դարձյալ բացասական պատասխան է  տվել:

Նշենք, որ ավելի վաղ նույն մեքենայով բերման ենթարկվող Վահագն Գևորգյանը Epress.am-ի հետ զրույցում նշել էր, որ Ավետիսյանը մեքենայի մեջ խեղդում էր Առաքելյանին, որը շնչահեղձ էր լինում, և վարորդն անգամ կանգնեցրել էր մեքենան և Ավետիսյանին դիտողություն արել:

Այնուհետև հարցաքննվել են տուժողներ Գևորգ Մկրտչյանը և Շահեն Հարությունյանը: Վերջինիս հարցաքննությունը կիսատ է  մնացել, քանի որ աշխատանքային օրն ավարտվել է: Հաջորդ դատական նիստը նշանակվել է հունվարի 31-ին, ժամը 12.00-ին: