Home / Հայաստան / Խաբեբաներին զրկելու են. նախարարը պատմել է 2012-ի ծրագրերի մասին

Խաբեբաներին զրկելու են. նախարարը պատմել է 2012-ի ծրագրերի մասին

2011 թվականին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ծրագրված նախաձեռնությունները, մասնավորապես, էլեկտրոնային կենսաթոշակ համակարգը, 2012 թվականին կմտնեն կիրառության մեջ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասել է Աշխատանքի և սոցիալական հարցերով նախարար Արթուր Գրիգորյանը:

Ինչպես հայտնել է նախարարը` Էլեկտրոնային կենսաթոշակ համակարգն իրենից ենթադրում է միասնական տեղեկատվական շտեմարան, որի նպատակն է բացառել այն դեպքերը, երբ ընտանեկան նպաստ է տրվում մարդկանց, ովքեր դրա համար օրենքով նախատեսված չափորոշիչներին չեն համապատասխանում:

Շտեմարանի միջոցով նախարարությունը տեղեկանալու է նպաստ ստանալ հավակնող մարդու սոցիալական պատկերից` աշխատում են, թե ոչ, ինչ եկամուտ ունեն, ինչ սեփականություն ունեն: Այս համակարգի միջոցով` նախարարությունը զրկելու է խաբեբա նպաստ ստացողներին նպաստից: Հիշեցնենք, որ խարդախությունները նախարարությունը սկսել է հայտնաբերել անցյալ տարի. 2011թ. նպաստից զրկվել է 1100 մարդ: Այդ դեպքերը բացահայտելու համար հարուցվել է քրեական գործ, ընթանում է նախաքննություն:

2012 թվականին նախարարության կողմից իրականացվելիք մյուս ծրագիրը, նախարարի խոսքով, սոցիալական աշխատողի ինստիտուտի ձևավորումն է` տարբեր նպաստների  և թոշակների նշանակումը տեղի է ունենալու մեկ պատուհանից:

Գրիգորյանի խոսքով` երրորդ գերակա ուղղությունը երեխաների իրավունքների պաշտպանության ազգային ծրագրի մշակումն է:

«Մուտքը դեպի մանկատուն բարդացնելու ենք, ելքը մանկատնից, որդեգրումը` հեշտացնելու ենք: Ստեղծվելու է երեխաների պաշտպանության  հանձնաժողով», – ասել է նախարարը: