Home / Հայաստան / Ստիպված էին հրաժարվել. «Պարսկական աշտարակ» Երևանում չի կառուցվի

Ստիպված էին հրաժարվել. «Պարսկական աշտարակ» Երևանում չի կառուցվի

Երևանում «Պարսկական աշտարակ» կառուցելու մասին ծրագիրը առաջ քաշած Didas International կազմակերպոթյունը հրաժարվել է այդ գաղափարից: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:

«Տեսնելով այդ ծրագրի հանդեպ առաջացած հասարակական արձագանքը` ծրագիրը ներկայացնողները հայտնեցին մեզ, որ հրաժարվում են այդ 50-հարկանի շենքի կառուցման մտքից»,- ասել է Մկրտիչ Մինասյանը` հավելով, որ ընկերությունը, հնարավոր է, այլ  կառույցի ծրագիր ներկայացնի, սակայն նման երկնաքերի կառուցումը Երևանի կենտրոնում բացառված է:

Հիշեցնենք, որ 2011թ նոյեմբերին շրջանառության մեջ էր դրվել ճարտարապետական նախագիծ` Երևանի կենտրոնոմ` Նկարիչների միության և Մոսկվա կինոթատրոնի միջև եղած տարածքում «Պարսկական աշտարակ» կառուցելու  մասին: Նախագիծը  առաջարկել էր Վիեննայում բնակվող իրանցի ճարտարապետ Արյան Շահաբիանը:

Ծրագրի հանդեպ բացասական էր ոչ միայն հասարակության լայն զանգվածների արձագանքը, այլև մասնագետների:

Սեյսմոլոգների  դիտարկմամբ` երկնաքերի կառուցումը վտանգավոր էր Երևանի համար` հաշվի առնելով քաղաքի սեյսմիկ ռիսկերը: Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանը տվել էր բարձրահարկի կառուցման ճարտարապետական առաջադրանք առանց քաղաքաշինական խորհրդի քննարկման:

Ծրագրից հետ կանգնելու միակ պատճառը, ըստ Ճարտարապետների միության նախագահի, հասարակական ճնշումներն էին: