Home / Հայաստան / Խնդրահարույց գործ. ոստիկանությունը ցանկանում է վտանգավոր նախադե՞պ ստեղծել

Խնդրահարույց գործ. ոստիկանությունը ցանկանում է վտանգավոր նախադե՞պ ստեղծել

Արմավիրի մարզի Առատաշեն գյուղի 30-ամյա բնակիչ Արման Սահակյանի ձերբակալությունը, ինչպես նաև գործի հետագա ընթացքը կոպիտ խախտումներով է անցել: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում հայտնել է Սահակյանի փաստաբան Գարիկ Մալխասյանը: Հելսինկյան ասոցիացիայի նախագահ, իրավապաշտպան Միքայել Դանիելյանի կարծիքով Սահակյանի գործը կարող է վտանգավոր նախադեպ դառնալ:

Սահակյանը Վաղարշապատի ոստիկանության բաժին բերման է ենթարկվել 2010 թվականի հոկտեմբերի 22-ին ավազակային հարձակում կատարելու կասկածանքով:

Դրանից հետո առանց ծանուցագրի ներկայացման ոստիկանություն են տարվել Սահակյանի մայրը և նրա անչափահաս քույրը, իսկ մի քանի ժամ անց նաև Սահակյանի կինը, նրանց երեք տարեկան երեխան, ինչպես նաև դեռևս քառասուն օրը չբոլորած նորածին երեխան ու Սահակյանի կնոջ քույրը:

Համաձայն փաստաբանի, ոստիկանությունում բերման ենթարկվածներին իրենց իրավունքներն ու պարտականությունները չեն բացատրել, ինչը պարտավոր էին անել օրենքով սահմանված կարգով:

Փաստաբանը տեղեկացրել է, որ այդ օրը ոստիկանությունում հարցաքննվել են  Սահակյանի ընտանիքի անդամները, որոնց հասցեին սպառնալիքներ են հնչեցվել, իսկ Արման Սահակյանը ծեծի է ենթարկվել: Նրա անչափահաս քրոջը հարցաքննել են առանց մանկավարժի ներկայության: Մալխասյանի խոսքով` Սահակյանի բարեկամները, տեսնելով նրան ծեծված վիճակում, ոստիկանների թելադրանքով հայտնել են իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ:

«Բարեկամներն ասել են, որ իբր իրենք լսել են իրենց տանը, թե ինչպես Արմանին իր ընկերները առաջարկել են ավազակային հարձակում կատարել, բայց Արմանը հրաժարվել է: Դրանից հետո հարցաքննվում է Արման Սահակյանը և ժխտում իր մասնակցությունն այդ հանցագործությանը, ապա Արման Սահակյանին ու գործում որպես մեղադրյալ ներգրավված  Արթուր Շահբազյանին հարցաքննում են վկաների կարգավիճակով, ինչը կոպիտ խախտում է: Արման Սահակյանը ժխտում է, որ ինքը տեղյակ է եղել ավազակային հարձակման մասին, իսկ Շահբազյանը ժխտում է, որ ավազակային հարձակում է կատարել»,- ասել է  փաստաբանը:

Նույն օրը երեկոյան, ըստ արձանագրության, ժամը 21.20-ին Արման Սահակյանին ձերբակալել են, և ուղարկել են Ոստիկանության Ձերբակալվածների պահման վայր  (ՁՊՎ), որը գտնվում է նույն բաժնի շենքում:

Փաստաբանն ընդգծել է այն փաստը, որ նրան ՁՊՎ ընդունել են ժամը 24.00-ին, այսինքն ձերբակալելուց ավելի քան 2,5 ժամ անց:

«Անհայտ է, թե այդ ընթացքում նրա հետ ինչ է կատարվել», – նշել է Մալխասյանը:

Նրա խոսքով` հաջորդ օրը Արման Սահակյանին հարցաքննել են որպես կասկածյալ, և նա ընդունել է, որ իրեն առաջարկվել է ավազակային հարձակում կատարել, որից ինքը հրաժարվել է:

«Այդ նույն ցուցմունքը նա պնդում է Արթուր Շահբազյանի հետ հարցաքննության ընթացքում: Հոկտեմբերի 25-ին` ձերբակալությունից 3 օր անց, Արման Սահակյանին ազատ են արձակում այն հիմքով, որ նա աջակցել է հանցագործության բացահայտմանը», – պատմել է Մալխասյանը:

Չնայած դրան, ավազակային հարձակում իրականացնելու մեղադրանքը Սահակյանի վրայից չի հանվել:

Հեռագայում Սահակյանի ընտանիքը Հատուկ քննչական ծառայության պետին և ՀՀ գլխավոր դատախազին դիմում են ուղարկում, որ ձերբակալության օրն իրենց  նկատմամբ բռնություններ և սպառնալիքներ են, իսկ նորածին երեխային ոստիկանությունում պահել են 5-6 ժամ, և այդ ընթացքում մայրը հնարավորություն չի ունեցել երեխային կերակրել:

«Այդ ամենը բնականաբար ազդել է իմ պաշտպանյալի վրա: Նա դիմացել է  մինչև այն պահը, երբ մայրը, տեսնելով իր վիճակը, ուշագնաց է եղել, դրանից հետո նա  համաձայնվել է, որ կանի այնպես, ինչպես ոստիկաններն են ուզում:

Ազատության մեջ հայտնվելով` նա դիմել է փաստաբանին, սակայն նախաքննության փուլում մեր բողոքներին պատշաճ ընթացք չեն տրվել: Ծառայողական քննություն են կատարել, որը, ըստ էության, արդյունքներ չի ունեցել, որովհետև քննության ընթացքը որոշել են կասեցնել մինչև քրեական գործի նախաքննության ավարտը: Արդեն դատաքննության ժամանակ  Սահակյանը, նրա հարազատները և Արթուր Շահբազյանը ցուցմուքներ են տվել ոստիկանների կողմից բռնությունների, սպառնալիքների ծեծի ենթարկվելու մասով: Սահակյանը և Շահբազյանն իրենց ցուցմունքներում նաև հստակ նշել են անուններ, պատմել են, թե ովքեր են եղել բռնության ենթարկողները և ինչ կերպ են վերաբերվել իրենց հետ: Դատարանը մեր միջնորդության հիման վրա որոշել է այդ նյութերը ուղարկել ՀՔԾ, որպեսզի փաստի առթիվ քննություն կատարվի: ՀՔԾ-ում նյութեր են նախապատրաստվել, որի ընթացքում միայն մեկ բացատրություն են վերցրել Արման Սահակյանից: Նա իր բացատրությունում մանրամասն պատմել է տեղի ուենցածի մասին, որից հետո 2012 թվականի հունվարի 13-ով թվագրված որոշում է կայացվել ՀՔԾ-ի քննիչի կողմից, որով քրեական գործի հարուցումը մերժվել է. վերջինս որոշել է, որ հանցագործության դեպք չի եղել: Համաձայն ՀՔԾ-ի քննիչի, Արման Սահակյանը ցանկացել է սուտ մատնություն կատարել ոստիկանության աշխատակիցների նկատմամբ` նպատակ ունենալով ազատվել քրեական պատասխանատվությունից և օգնել ընկերոջը, որ վերջինս էլ ազատվի»,- ասել է Գարիկ Մալխասյանը:

Վերջինս նշել է, որ նյութերն այս պահին գտնվում են ոստիկանության Արմավիրի մարզային քննչական բաժնում: Իրենք դիմում են ներկայացրել ոստիկանություն` ցանկանալով բողոքարկել որոշումը, որովհետև իրենք կարծում են, որ քննությունն արդյունավետ չի եղել: Բացի դա, նշենք, որ Սահակյանի նկատմամբ ուժի մեջ է համաներման կիրառումը, սակայն վերջինս առարկում է` նշելով իր նկատմամբ համաներում չպետք է կիրառվի, քանի որ ինքն անմեղ է և անհիմն է մեղադրվում:

Փաստաբանը նաև տեղեկացրել է, որ իրենք պատրաստ են բողոքարկել որոշումը և գործը հասցնելու են մինչև Եվրոպական դատարան:

Խնդրի վերաբերյալ Epress.am-ի հետ զրույցում իր կարծիքն է հյատնել նաև Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը, ով նշել է, որ դիմում ներկայացնող քաղաքացուն սուտ մատնության մեջ մեղադրելու նախադեպը վտանգավոր է, այս պրակտիկան կարող է օգտագործվել իրավապահ մարմինների կողմից:

«Ես մտավախություն ունեմ, որ իշխանություններն այդ դեպքը կօգտագործեն որպես նախադեպ: Մենք փաստում ենք, որ ոստիկանական համակարգում բարեփոխումներ անցկացնելու վերաբերյալ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խոսքերը ներքևի օղակներին երևի չեն հասնում, կամ էլ…»,- ասել է Միքայել Դանիելյանը: