Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը երեկ հանդիպել է Նալբանդյան 106/1 շենքի բնակիչների ներկայացուցիչների հետ: Տվյալ շենքի բակում բարձրահարկ են կառուցում, ինչին շենքի բնակիչները դեմ են:
Համաձայն քաղաքապետարանի տարածած հաղորդագրության` քաղաքապետարանի կողմից տրվել են համապատասխան հիմնավորումներ, հանգամանալից ներկայացվել է տարածքում կառուցապատման անհրաժեշտությունը` ինչպես քաղաքաշինական ու բնապահպանական, այնպես էլ հենց բնակիչների շահերի տեսանկյունից:
Ինչպես Epress.am-ի հետ զրույցում հայտնել է Նալբանդյան 106/1 շենքի բնակիչ Գրիգոր Ղազարյանը, հանդիպումը իրանակում որևէ դրական արդյունքի, համաձայնության չի բերել:
«Տարածած հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը: Խարդախության են դիմում, որ արագ շինթույլտվություն տան` առանց շրջակա միջավայրի ազդեցության դրական եզրակացության», – կարծիք է հայտնել Գրիգոր Ղազարյանը:
Վերջինս հիշեցրել է, որ քաղաքապետարանում անցկացվել է արդեն հինգ հանդիպում շենքի բնակիչների հետ և բոլոր հանդիպումներում էլ պահանջ դրվել տալ շրջակա միջավայրի գնահատական, ինչը մինչ օրս չի արվել, իսկ առանց նման եզրակացության բարձրահարկի շինարարությունը սկսելը հակասահմանադրական է:
«Մեզանից միայն երկու հոգու թույլ տվեցին քննարկմանը մասնակցել: Մեր շահերը ներկայացնող Կարինե Վիրաբյանը հայտնեց մեզ, որ իրականում շատ կոշտ մթնոլորտում է անցել հանդիպումը: Մեր ներկայացուցիչը հայտնել է մեր տեսակետը: Մենք դեմ չենք մանկապարտեզի շինությանը, մենք դեմ ենք հսկա բարձրահարկի կառուցմանը»,- ասել է Գրիգոր Ղազարյանը:
Հիշեցնենք, որ բնակիչների խնդրանքով` 16 հարկանի շենքի ծրագիրը փոխվել է կառուցապատումն իրականացնող «Ավագշին» ընկերության կողմից: Այն դարձրել են 9 հարկանի, սակայն նման բարձրության շենքը ևս չի գհոհացնում բնակիչներին: