Home / Հայաստան / Այսօր երեկոյան երիտասարդները կարող են աղի բլիթ ուտել

Այսօր երեկոյան երիտասարդները կարող են աղի բլիթ ուտել

Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի հիշատակության օրը այս տարի կնշվի վաղը` փետրվարի 4-ին: Այս մասին Epress.am-ին հայտնել են Հայ առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական ​​թեմից: Տոնը նշվում է հունվարի 15-ից փետրվարի 15-ն ընկած ժամանակահատվածում մի շաբաթ օր: Տոնին նախորդած երկուշաբթի օրը սկսվում է Սբ. Գրիգոր Լուսավորիչի կողմից հաստատված Առաջնորդաց պահքը, որը տարվա առաջին պահքն է եւ տեւում է հինգ օր:

Այս եկեղեցական տոնը ուղեկցվում ոչ միայն եկեղեցական ծիսակատարությամբ այլև ժողովրդական ավանդությամբ. Ս.Սարգսի տոնին նախորդող գիշերը, այս տարի` այսօր երեկոյան, երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որի հետ կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը: Այդ օրվա սովորություններից է փոխինձով մատուցարանը դնել տան տանիքին կամ պատշգամբին և սպասել Ս. Սարգիս զորավարի ձիու պայտի հետքին: Ըստ ավանդույթի` Ս.Սարգիսը պետք է անցնի, և ում մատուցարանի մեջ դրված ալյուրի կամ փոխինձի մեջ թողնի իր սպիտակ ձիու փայտի հետքը, այդ տարի կիրականանա նրա երազանքը:

Քանի որ տոնը հայտարարվել է երիտասարդների օրհնության օր, սուրբ Սարգսի անունը կրող բոլոր եկեղեցիներում մատուցվելու է Ս. Պատարագ, որից հետո անցկացվելու է երիտասարդների օրհնության կարգ: