Home / Հայաստան / Ինչու է դատական նիստն անցնում Ստեփանակերտում. զոհված զինվորի մայրը չի վստահում դատավորին

Ինչու է դատական նիստն անցնում Ստեփանակերտում. զոհված զինվորի մայրը չի վստահում դատավորին

Թորգոմ Սարուխանյանի մահվան փաստի առիթով հարուցված քրեական գործի դատաքննության անցկացումը  ԼՂՀ-ի Ստեփանակերտ քաղաքում պայմանավորված է նրա` ԼՂՀ-ի տարածքում զինվորական ծառայության անցկացման հետ:

Այս մասին ասված է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի նամակում, որը վերջինս ուղարկվել է 2011 թվականի փետրվարի 12-ին ԼՂՀ-ի Խոջալուի զորամասերից մեկում հրազենային վնասվածքից մահացած 22-ամյա զինծառայող Թորգոմ Սարուխանյանի մոր` Լենա Սարուխանյանի հարցմանն ի պատասխան:

Սարուխանյանը խնդրել էր ՄԻ պաշտպանին իրեն տեղեկացնել, թե օրենքի որ հոդվածի որ կետով է նախատեսվում, որ իր որդու սպանության գործով դատաքննությունը կարող է անցկացվել այլ պետության` տվյալ դեպքում ԼՂՀ-ի մայրաքաղաքում:

Նշենք, որ Սարուխանյանի մահվան գործով դատական նիստերը պետք է անցկացվեն Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Ստեփանակերտի նստավայրում: Զինծառայողի մահվան պաշտոնական վարկածի համաձայն, նրան դրդել են ինքնասպանության, սակայն մոր կարծիքով` իր որդուն ինչ-որ գաղտնի գործեր են հանձնարարել կատարել, որը չի մտնում զինվորի պարտականությունների մեջ, և որպեսզի այդ մասին ոչ ոք չիմանա, գործն անելուց հետո իր տղային սպանել են` փորձելով ծածկել իրողությունը:

Լենա Սարուխանյանը իր որդու գործով դատավարության առնչությամբ նամակներ է հղել նաև Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանին, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին, ՀՀ արդարադատության խորհրդին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ինչպես նաև մեկ այլ նամակ Կարեն Անդրեասյանին:

Այս մասին Epress.am-ին տեղեկացրել են Հելսինկյան ասոցիացիայից, որի անդամ Արման Վեզիրյանն այս գործում ներգրավված է որպես տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ:

Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի նախագահին ուղղված միջնորդության մեջ Լենա Սարուխանյանը նշել է, որ նախաքննության ավարտից հետո գործով քննիչը չի ցանկացել Գյումրի քաղաք ուղարկել քրեական գործի նյութերի պատճենը:

«Լինելով վատառողջ ես չկարողացա գալ Երևան, դիմում գրել և ստանալ այն: Այս պահի դրությամբ ծանոթ չեմ գործի նյութերին, սական, ցանկանում եմ անպայմանորեն մասնակցել դատավարությանը: Ելնելով վերոնշյալից` միջնորդում եմ ինձ ուղարկել չորս հատորից բաղկացած քրեական գործի պատճենը  և մեկ ամիս ժամանակ տրամադրել գործի նյութերին ծանոթանալու և դատաքննությանը մասնակցելու համար»,- ասված է եղել սպանված զինվորի մոր միջնորդության մեջ:

Նամակից հետո Լենա Սարուխանյանին ուղարկվել էր 28 էջից կազմված մեղադրական եզրակցություն: Կինը, սակայան, նոր նամակ էգրել` խնդրելով, որպեսզի իրեն ուղարկեն ոչ թե մեղադրական եզրակացությունը, այլ գործի ամբողջական նյութերը:

Վերոնշյալ մյուս անձանց ուղղված նամակներում Լենա Սարուխանյանը գրել է  հետևյալը.

«Սույն թվականի հունվարի 11-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լեռնիկ Աթանյանը ծանուցագիր է գրել, որով հրավիրում  է ինձ մասնակցել Ստեփանակերտում հունվարի 18-ին թվականին կայանալիք դատական նիստին: Ինչպես պարզ է դառնում ձեռքիս տակ գտնվող ծրարի կնիքներից, նամակը դատարանի կողմից փոստային ծառայությանն է հանձնվել 2012 թվականի հունվարի 13-ին, այսինքն` գրության թվագրումից 2 օր անց: Նույն ծրարի վրա առկա կնիքից պարզ է դառնում, որ այն Գյումրի քաղաք է հասել հունվարի 17-ին: Ես ծանուցագիրը ստացել եմ հունվարի 18-ին, այսինքն` նույն օրը, երբ պետք է կայանար նիստը: Բնականաբար ես գործնականում չէի կարող ներկա գտնվել նշված նիստին: Անհրաժեշտ է նշել, որ դատավոր Աթանյանին բացարձակապես չէր հետաքրքրում, թե արդյո՞ք ես պատշաճ կարգով ծանուցվել եմ նիստի մասին. դատարանն այդպես էլ չփորձեց պարզել իմ` նիստին չներկայանալու պատճառը:

Վերոնշյալից կարելի է անել մեկ հետևություն` Աթանյանը արհամարում է սպանված որդուս և ինձ, ոտնահարում իմ իրավունքները` պատշաճ ձևով չծանուցելով ինձ դատաքննության մասին: Ես արդեն իսկ անվստահություն եմ հայտնում սույն դատավորի նկատմամբ, ով հայտնի է իր աղմկոտ անօրինականություններով (եթե տեղյակ չեք, կարող եք պարզել) և պահանջում եմ, որպեսզի քրեական գործը հանձնվի այլ դատավորի»:

Ինչպես Epress.am-ին տեղեկացրել են Հելսինկյան ասոցիացիայից, երկու օր առաջ Լենա Սարուխանյանը պատասխան է ստացել Կարեն Անդրեասյանից և ՀՀ նախագահի աշխատակազմից: Նախագահի աշխատակազմից  տեղեկացրել են, որ ստացված դիմումը ուղարկել են ՀՀ արդարադատություն, որտեղից էլ պետք է պատասխան ակնկալել:

Կարեն Անդրեասյանն իր պատասխան նամակում նշել է, որ խորին ցավակցություն է  հայտնում Լենա Սարուխանյանի որդու մահվան կապակցությամբ, սակայն նրա ուղարկած գրության մեջ բարձրացված հարցերի լուծումը դուրս է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների շրջանակից:

«Իսկ դատավորի կողմից արդարադատություն իրականացնելիս, նյութական կամ դատավարական նորմի ակնհայտ և կոպիտ խախտվելու դեպքում, աշխատանքային կարգապահությունը, կամ դատավորի վարքագծի կանոնները պարբերաբար կամ կոպիտ խախտվելու և օրենքով նախատեսված այլ հիմքերով. Պաշտպանն իրավասու է հանդես գալ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հաղորդմամբ: Ուստի ցանկության դեպքում  կարող եք տրամադրել մեզ դատավոր Լեռնիկ Աթանյանի կողմից իրականացրած ապօրինությունները հիմնավորող փաստաթղթերի պատճենները` կարգապահական վարույթ հարուցելու հաղորդմամբ հանդես գալու համար», – ասված է Անդրեասյանի պատասխան նամակում:

Ինչպես Epress.am-ի հետ զրույցում տեղեկացրել է Լենա Սարուխանյանը, նա

Կարեն Անդրեասյանից ստացված պատասխանին բացասաբար է վերաբերվում:

«Բայց այսօր առավոտյան ՄԻՊ-ի գրասենյակից ինձ զանգահարել է Արման Վարդևանյանը և ցանկացել է իմ բողողքների և հարցերի մասին իմանալ: Ես էլ նրան հարցրեցի, թե ինչ իրավունքով է, որ երեք անգամ հետաձգված երեխային տարել են բանակ, ու դրա հետ մեկտեղ եղել է իմ միջնորդությունները, որ իմ երեխան եղունգների պրոբլեմ ունի: Հետո երկրորդ հարցը տվեցի, թե օրենքի որ կետով է, որ Հայաստանի տարածքի տղաներին տանում են Ղարաբաղ ծառայելու: Հետո հարցրեցի ինչ հիմքով է, որ քննիչը գործը ուղարկել է  դատարան, բայց չի տեղեկացնում իրավահաջորդին: Նա էլ ինձ ասաց, որ իմ բողոքները  դիմումի ձևով գրեմ, առանձին նամակով ուղարկեմ, որ իրենք զբաղվեն այդ հարցով»,- ասել է Լենա Սարուխանյանը:

Վերջինս նաև ասել է, որ ՄԻՊ գրասնյակի աշխատակիցը իրեն կանչել է Երևան, սակայն Լենա Սարուխանյանն ասել է, որ բուժման ընթացքի մեջ է, չի կարող գնալ:

«Դրա հետ մեկտեղ եթե սյս վիճակով Երևան չեմ կարողանում գնալ, ապա Ղարաբաղ ինչպես պետք է ներկայանամ դատավարությանը: Այսօր մենք երկրորդ նամակն ենք ուղարկել Մարդու իրավուքնների պաշտպանին»,- ասել է տիկին Լենան: