Home / Հայաստան / Եվրոպայում մարդիկ ցրտից մահանում են

Եվրոպայում մարդիկ ցրտից մահանում են

Վերջին օրերի ընթացքում ողջ Եվրոպան պատած սառնամանիքի հետևանքով Լեհաստանում 9 մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է Associated Press-ը` հղում կատարելով Լեհաստանի ներքին գործերի նախարարության հաղորդագրությանը:

Ձմեռվա ընթացքում Լեհաստանում ցրտից մահացածների ընդհանուր թիվը հասել է 62-ի: Ողջ Եվրոպայում վերջին օրերին գրանցված խիստ սառնամանիքների հետևանքով ավելի քան 200 մարդ է զոհվել, որոնցից շատերն անտուն քաղաքացիներ են եղել: 15 մարդ հրդեհի զոհ է դարձել, որը պայմանավորված է տարատեսակ տաքացուցիչ սարքերի օգտագործման հանգամանքով: Մի քանի օրերի ընթացքում մի շարք երկրներում օդի միջին ջերմաստիճանը 0-ից 15 աստիճան ցածր է:

Ձյան մեջ է հայտնվել ամբողջ Իտալիան, որտեղ ցրտից մահացել է 17 մարդ:

Իսկ Վենետիկում 80 տարվա մեջ առաջին անգամ սառչել են ջրանցքները:

Եղանակային պայմաններից ամենաշատը տուժած երկիր է դեռևս համարվում Ուկրաինան, որտեղ զոհերի թիվը անցել էր 60-ը դեռևս մինչև փետրվարի 3-ը: Բոսնիայում, Խորվաթիայում և այլ բալկանյան երկրներում շատ գյուղեր ձյան կուտակումների հետևանքով զրկվել են ցամաքային ճանապարհներից, սննունդ ու դեղորայք նրանք ստանում են ուղղաթիռների միջոցով:

Շվեյցարիայի որոշ հատվածներում գրանցվել է մինչև 35 աստիճան 0-ից ցածր:

Ըստ օդերևութաբանների` նման խիստ սառնամանիքը կպահպանվի մինչև փետրվարի 10-ը: