Home / Հայաստան / Պուտինի հաղթանակը Հայաստանի շահերից է բխում. ՀՀ կառավարության ղեկավար

Պուտինի հաղթանակը Հայաստանի շահերից է բխում. ՀՀ կառավարության ղեկավար

Այսօր Ռուսաստանում կայուն զարգացում ապահովող ուժը ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինն է: Այսօր Ազգային ժողովում  պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ում կուզենար տեսնել Ռուսաստանի հաջորդ նախագահ, ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա նշել է, որ իր անձնական կարծիքն է հայտնում:

«Մենք շահագրգռված ենք, որպեսզի Ռուսաստանում լինի կայունություն  և լինի կայուն զարգացում: Գաղտնիք չէ, որ ցանկացած իրադարձություն, որ տեղի է ունենում Ռուսաստանում իր ազդեցություն է թողնում մեր տնտեսության վրա, մեր սոցիալական կյանքի վրա, մեր հասարակական կյանքի վրա: Եվ  այդ տեսակետից, ես կարծում եմ, դուք կհամաձայնեք, որ այսօր Ռուսաստանում կայուն զարգացում ապահովող ուժը հենց Պուտինն է և նրա կողմից  ղեկավարվող կուսակցությունը»,- ասել է վարչապետը:

Նա նաև կարծիք է հայտնել, որ Հայաստանի շահերից է բխում, որ մարտին կայանալիք նախագահական ընտրություններում հաղթի Վլադիմիր Պուտինը: