Home / Հայաստան / «Ժամանակն» ու «Արմնյուզը» ներողություն խնդրեցին Սյունիքի մարզպետից

«Ժամանակն» ու «Արմնյուզը» ներողություն խնդրեցին Սյունիքի մարզպետից

«Ժամանակ» օրաթերթն ու «Արմնյուզ» հեռուստաընկերությունը Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանից ներողություն են հայցել`նրա հասցեին  ապատեղեկատըվություն հրապարակելու համար: Այս մասին հայտնում է media.am կայքը:

Media.am-ը հիշեցնում է, որ «Ժամանակ» օրաթերթը ինտերնետում ներկայացնող 1in.am կայքը տեղադրել էր «Սյունիքի մարզպետը լրագրողին սպիտակ ներքնաշորով զրույցի է հրավիրել»  վերնագրված հոդվածը, որտեղ ասվում է, թե իբր «Ժամանակին» հարցազրույց տալուց Սյունիքի մարզպետը ֆլիրտ է արել լրագրող Անի Աղասյանի հետ և նրան առաջարկել է սպիտակ ներքնաշոր հագնել և իր հետ skype-ով զրուցել: Այս  պատմությանն իր եթերում  անդրադարձել է նաև «Արմնյուզ» հեռուստաընկերությունը:

Սակայն պարզվել է, որ լրագրողը սխալ համարով է զանգել և  Սյունիքի մարզպետի հետ զրուցելու փոխարեն, խոսել է մեկ այլ անձնավորության հետ («Առավոտի» տվյալներով գեներալ Հայկազ Բաղմանյանի հետ):

Սուրեն Խաչատրյանը իր համբավը արատավորելու համար Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան դատական հայց է ներկայացրել «Սկիզբ մեդիա կենտրոն» ՍՊԸ-ի դեմ, որին պատկանում է «Ժամանակ» օրաթերթը: Հայցվոր կողմը պահանջել է հերքել իր պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկությունները: «Արմնյուզը» հեռուստաընկերությունը ևս Սուրեն Խաչատրյանից ներողություն էր խնդրել փետրվարի 8-ին` լրատվական թողարկումների ժամանակ, իսկ «Ժամանակ» օրաթերթը իր հերքումը տպագրել է իր այսօրվա համարում: